Մատչելիության հղումներ

Փաստաբան. «Սասնա ծռերը» պետք է արդարացվեն, նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդման


Փաստաբան Մուշեղ Շուշանյան, 13 օգոստոսի, 2020թ.

2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի մի քանի անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանը պնդում է՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս եկած «Սասնա ծռերը» ապստամբել են և պետք է արդարացվեն։ Մինչդեռ զինված խմբի գործողությունների հետևանքով զոհված ոստիկանների հարազատներից ոմանք նույնիսկ ավելի խիստ պատժաչափերի կողմնակից են։

Փաստաբանը Շուշանյանը, սակայն, ասում է՝ «Սասնա ծռերը» ենթարկվում են քաղաքական հետապնդման։

«Մենք հիմնավորել ենք, որ այդ դիմադրության կամ ապստամբության իրավունքը բնական, անօտարելի, անքակտելի իրավունք է, հարցը պետք է դիտարկվի այդ իրավունքի իրացման շրջանակում, այդ հիմքով բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, բացառությամբ քննության առարկա պետք է դառնան զոհվածների մահվան հանգամանքները և մեղավորների շրջանակը պարզելու հարցերը», - ասաց փաստաբանը:

Երեկ մեղադրական ճառն ընթերցելով՝ դատախազները դատավոր Մեսրոպ Մակյանին առաջարկեցին ոստիկանության ՊՊԾ գունդը 4 տարի առաջ երկու շաբաթով գրաված զինված խմբի անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

2016-ին «Սասնա ծռերի» գործողությունների ընթացքով երեք ոստիկան զոհվեց, գունդը գրավելիս նրանք նաև պատանդ էին վերցրել այն ժամանակ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Գլխավոր դատախազությունը երեկ միջնորդեց խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամսվա, ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին զմահ ազատազրկման, իսկ զինված խմբի մյուս 5 անդամներին էլ՝ 8-ից 9 տարվա ազատազրկման։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը երեկ հայտարարել էր, որ եթե գումարեին գրեթե բոլոր ամբաստանյալներին մեղսագրվող արարքների համար սահմանված պատժաչափերը, ապա ազատազարկման շեմը գերազանցելու էր առավելագույն 25 տարին, բայց իրենք առաջարկում են սահմանել նվազագույն պատժաչափ` հաշվի առնելով 2018-ին ընդունված համաներման օրենքը։ Միևնույն ժամանակ, Պետրոս Պետրոսյանը շեշտել էր՝ որոշ տուժողներ առարկել են, որ ամբաստանյալները համաներվեն։

Դատախազը նաև հիմնավոր էր համարել ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքը. - «Քրեական գործի ողջ ընթացքում առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին, սակայն տված ցուցմունքներով և կատարած հայտարարություններով, ըստ էության, ընդունեցին մեղսագրվող արարքները, բացառությամբ Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանությունների մասով իրենց կողմից կատարած լինելը` դրանք քողարկելով օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով տրված «զինված ապստամբություն» եզրույթի տակ»:

Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սակայն, կարծում է, որ անցած երեք տարիների ընթացքում դատարանը չի քննել ոստիկանների մահվան իրական հանգամանքները։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված երեք ոստիկաններից երկուսի՝ Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի մահվան հետ «Սասնա ծռերը» կապ չունեն, նրանց սպանել են այլ անձինք, որոնց դատարանն այդպես էլ չի անդրադարձել։ Ասում է, որ կան մարդիկ, որոնք կարող են վկայել՝ Տեփանոսյանին սպանել է ոստիկանության ղեկավարությունը։ Իր նշած անձինք վախենում են այդ մասին բարձրաձայնել։ Փաստաբանի պնդմամբ, այս երկու ոստիկանների մահը կազմակերպվել է հանրության աչքին «Սասնա ծռերին» հրեշացնելու նպատակով։

Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սակայն, կարծում է, որ անցած երեք տարիների ընթացքում դատարանը չի քննել ոստիկանների մահվան իրական հանգամանքները։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված երեք ոստիկաններից երկուսի՝ Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի մահվան հետ «Սասնա ծռերը» կապ չունեն, նրանց սպանել են այլ անձինք, որոնց դատարանն այդպես էլ չի անդրադարձել։ Ասում է, որ կան մարդիկ, որոնք կարող են վկայել՝ Տեփանոսյանին սպանել է ոստիկանության ղեկավարությունը, իր նշած անձինք վախենում են այդ մասին բարձրաձայնել։ Փաստաբանի պնդմամբ, այս երկու ոստիկանների մահը կազմակերպվել է հանրության աչքին «Սասնա ծռերին» հրեշացնելու նպատակով։

«Դժվար էր գնալ ուժային լուծման, և ուժային լուծման գնալը և դա արդարացնելու համար անհրաժեշտ էին զոհեր, որպեսզի զոհերի պատասխանատվությունը, մեղքը բարդեն «Սասնա ծռերի» վրա և գնան ուժային լուծման», - ասաց փաստաբանը:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է Արմեն Բիլյանը, որի համար դատախազը պահանջել է 21 տարվա ազատազրկում։ Ըստ Մուշեղ Շուշանյանի, Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդում վիրավորվել է թևից և իր ոտքով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանը մահացել էր հիվանդանոցում՝ օգոստոսի 13-ին՝ ՊՊԾ գնդի գրավումից երեք շաբաթ անց։

«Գագիկ Մկրտչյանի հանելուկային, առեղծվածային մահը նույնպես, իմ համոզմամբ, տեղի է ունեցել «Սասնա ծռերին» հրեշացնելու և նրանց դեմ ուժի կիրառումը հիմնավորելու արհեստական հիմքեր ստեղծելու նպատակով», - նշեց նա:

Մինչդեռ դատախազ Պետրոս Պետրոսյանը երեկ մեղադրական ճառում շեշտեց՝ Մկրտչյանը գիտակցության է եկել և կնոջը պատմել, որ իր վրա կրակել են ծռերը։ Թեև Մուշեղ Շուշանյանը սա սուտ է համարում, Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը ևս «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ հիվանդանոցում խոսել է ամուսնու հետ։ Կինն ասաց՝ ամուսնու գործընկերն է նրան հասցրել հիվանդանոց, ծանր վիճակում։

«Ասաց՝ դուռը չբացելու համար վիճել են, հետո երկու քայլ հետ ա գնացել ու ասաց՝ «ավտոմատը պահեց վրես ու խփեց»: Որովայնին խփել էին, թևից դուրս էր եկել», - ասաց Ոսկանյանը:

Հասմիկ Ոսկանյանը պնդում է՝ ոչ միայն Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը պետք է երկար ժամանակով դատապարտվեն, այլև մյուս անդամները։ Կարծում է՝ 8-9 տարվա պատժաչափը մեղմ է. «Կուզենայի, որ կազմակերպիչներին էլի, այսինքն այդտեղ ով նստած ա մեզ հետ դահլիճում, բոլորը համարյա կազմակերպիչներ են՝ Վարուժան Ավետիսյանից, Պավել Մանուկյանից, իրանք կազմակերպիչ են»:

Նկատենք, որ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը ևս կարծում է, թե որդուն սպանել են ոստիկանները։ Մինչդեռ Տեփանոսյանի կինը հակառակ կարծիքին է։ Ինչ վերաբերում է երրորդ ոստիկանի՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահվան հանգամանքներին, ապա փաստաբան Շուշանյանը պնդում է՝ իր պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանը նախաքննության ժամանակ խոստովանել է, որ ինքն է կրակել Վանոյանի վրա, որպեսզի իր ընկերներին ազատի այդ մեղադրանքից։ Ըստ փաստաբանի, Վանոյանի և «Սասնա ծռերի» անդամների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչից հետո ոստիկանության գնդապետը մահացել է։

Հաջորդ նիստին իրենց դիրքորոշումները կներկայացնեն տուժողները, ինչից հետո ելույթ կունենա մեղադրանքի կողմը, հետո արդեն դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։

XS
SM
MD
LG