Մատչելիության հղումներ

Ըստ Աղամալ Հարությունյանի փաստաբանի, վերաքննիչ դատարանը Պողոս Պողոսյանի սպանության գործն ապօրինի է վերաբացել


Պողոս Պողոսյանի գործով դատական նիստ, արխիվ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ 20 տարվա վաղեմության գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, նոր քննությունը նախաձեռնել է Գլխավոր դատախազությունը։

Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով մեղադրյալ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ, «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա, ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Հարությունյանն այսօր հակված չէր զրուցելու լրագրողների հետ, միայն կարճ արձագանքեց մեր այն հարցին, թե «ընդունո՞ւմ է արդյոք մեղադրանքը». «Հլը ես ոչ մի բանից խաբար չեմ, տեղյակ չեմ, մի հատ չիմանա՞ք ինչ ա»:

2001 թվականին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում մահացել էր ծնունդով ջավախքցի, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը՝ սրճարան եկած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունելու ճակատագրական փորձից հետո։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մի օր անգամ չէր անցկացրել։

Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր դատարանի 2002 թվականի վճռին ու ուղարկել նոր քննության։

Այսօրվա դատական նիստը մի քանի րոպե տևեց։ Հարությունյանի փաստաբանը չբացառեց, որ դատավոր Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ հայտնի, բայց ասաց՝ դա այսօր չի կարող անել, քանի որ գործը մակագրելու վերաբերյալ որոշ հարցեր է ուղարկել դատարանի աշխատակազմի ղեկավարին, իսկ պատասխանները դեռ չի ստացել։ Փաստաբան Ռոբերտ Բեջանյանը խնդրեց իրեն ժամանակ տալ՝ ստանալու այդ պատասխանները և ըստ այդմ էլ որոշելու ինքնաբացարկ հայտնել դատավորին, թե ոչ։ Փաստաբանը, սակայն, չի մանրամասնում, թե ինչու է մտադիր ինքնաբացարկ հայտնել դատավոր Ֆարխոյանին։

«Ես ընդամենը խնդրեցի դատարանին, որպեսզի հետաձգի դատական նիստը, ինձ հնարավորություն տա աշխատակազմին ներկայացրած հարցերի պատասխանը ստանամ, եթե ինձ հիմք կտա այդ հարցերի պատասխանը՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեմ, կներկայացնեմ, եթե այդ հիմքը չլինի, չեմ ներկայացնի», - ասաց պաշտպանը:

Բեջանյանը պնդեց՝ վերաքննիչ դատարանը ապօրինի է վերաբացել այս գործը՝ առանց որևէ հիմքի։ Միևնույն ժամանակ, խախտվել է նաև բողոք ներկայացնելու 4-ամսյա ժամկետը։ Խոսքը «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածի ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյութոնի դիմումի մասին է։ Հենց նրա դիմումի հիման վրա է Գլխավոր դատախազությունը վերսկսել քննությունը։ Բեջանյանը պնդում է՝ դիմումը ստանալուց հետո դատախազությունը պետք է 4-ամսյա ժամկետում դիմեր վերաքննիչ ատյան, բայց ավելի ուշ է դիմել։ «Մեր դիրքորոշումները, մեր կողմից արտահայտած բոլոր հիմնավորումներին ընդհանրապես վերաքննիչ դատարանը չանդրադարձավ», - նշեց փաստաբանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ հիմնավորումներ էին բերում, Բեջանյանը պատասխանեց. «Որ անհիմն է այդ բողոքը, հիմնավորված չէ, որևէ հիմնավորում չունի»:

Փաստաբանը նշեց նաև. «Անկախ նրանից՝ մենք համաձայն ենք 2002 թվականի վճռի հետ, անկախ նրանից դա լավն էր, վատ էր, այնուամենայնիվ, այդ գործը բեկանման ենթակա չէր, չի անդրադարձել հիմնավորումներին վերաքննիչ դատարանը: Իսկ թե ինչու և ինչն էր պատճառը, դա արդեն դատական նիստերի ընթացքում արդեն մենք կպարզաբանենք»:

Այս գործը Վերաքննիչ դատարան ուղարկած դատախազ Հայկ Խաչատրյանն ամիսներ առաջ «Ազատությանն» ասել էր՝ ականատես Նյութոնի հայտարարությունները վկայում են, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգուշությամբ, այլ նրան դիտավորյալ, խուլիգանական դրդումներով սպանել են մի խումբ անձինք։

«Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք ևս մասնակցել են իր հետ՝ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելու», - նշել է Խաչատրյանը:

Ըստ դատախազի, Նյութոնի հայտարարությունից հետո կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով։ Նոր վերաբացված գործը հարուցվել է նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով, ինչպես 20 տարի առաջ, սակայն Աղամալ Հարությունյանի շահերի պաշտպանը չի բացառում, որ դատավարության ընթացքում իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը փոխվի. «Այն ժամանակ եղել է հենց այդ հոդվածը, որով ինքը դատապարտվել է, ներկա պահին այլ հոդված չէր կարող լինել»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 4-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG