Մատչելիության հղումներ

Պողոս Պողոսյանի իրավահաջորդը հուսով է, որ դատարանի առջև կկանգնեն նաև սպանության պատվիրատուները


Պողոս Պողոսյանի իրավահաջորդ Սամվել Պողոսյանը։
Պողոս Պողոսյանի իրավահաջորդ Սամվել Պողոսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության բողոքը և փետրվարի 27-ին կքննի այն ու կորոշի՝ բեկանե՞լ տարիներ առաջ Երևանի կենտրոնում սպանված Պողոս Պողոսյանի գործով դատավճիռը, թե՞ ոչ։

Բեկանելու դեպքում այն կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Դատախազ Հայկ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրենց փաստարկները համոզիչ են բողոքը բավարարելու համար. - «Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք ևս մասնակցել են իր հետ՝ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելուն»։

2001-ին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի, նրան ծեծի էր ենթարկել Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը սրճարանի զուգարանում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ անզգույշ սպանության հատկանիշներով։

Այժմ գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։

Դատախազ Խաչատրյանն ասաց, որ հարցաքննվել են տասնյակ անձինք, այդ թվում Պողոս Պողոսյանի հետ սրճարան գնացած Ստեփան Նալբանդյանը, բայց Աղամալ Հարությունյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն հարցաքննվել. - «Ցանկացած տվյալ, երբ որ հիմնավոր հնարավորություն կտա, անհրաժեշտություն կառաջացնի հարցաքննելու կամ որոշակի անձի, ևս մեկ այլ անձի գործողություն քննարկելու ու գնահատական տալու, բնականաբար, այդ ամեն ինչը արվելու է»։

Այս գործի վերաբացման համար առիթ դարձավ անցած տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի հաղորդումը հայաստանյան իրավապահներին։ Ըստ դատախազության, ականատես Նյութոնի հայտարարությունները վկայում են, որ վկայում են, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգուշությամբ, այլ նրան դիտավորյալ, խուլիգանական դրդումներով սպանել են մի խումբ անձինք։

Ըստ դատախազի, Նյութոնի հայտարարությունից հետո կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով. - «Նախկինում քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, հնարավոր էր համարվել փորձագետների կողմից Պողոս Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած փակ գանգուղեղային վնասվածքի առաջացումը նաև սեփական հասակի բարձրությունից վայր ընկնելու հետևանքն է եղել»։

Ստացվում է, որ նոր նշանակված փորձաքննությամբ հերքվում է նախկին փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել քաշքշուկի ժամանակ նրա ընկնելու հետևանքով, ասում է դատախազ Հայկ Խաչատրյանը. - «Վիճաբանություն, փոխադարձ քաշքշուկ, կան մարմնական բազմաթիվ վնասվածքներ, որոնք որ, համաձայն նախկինում հարուցված ու քննված քրեական գործի, որպես արդյունք հաստատված էր համարվել, որ տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն, և այդ մարմնական վնասվածքները պատճառվել են հենց այդ քաշքշուկի ընթացքում։ Իսկ մահվան պատճառ հանդիսացած մարմնական վնասվածքը, ըստ էության հնարավոր էր համարվել նաև Աղամալ Հարությունյանի կողմից նշված հանգամանքների դեպքում»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ նախկին նախագահի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը, որը նախկինում արդեն դատապարտվել է, բայց չի ազատազրկվել, կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։ Բացի դա, արդյո՞ք նրա հետ նաև մեղադրյալի աթոռին կհայտնվեն այլ անձինք։

Դատախազի խոսքով, այս հարցերը պարզ կդառնան Վերաքննիչ դատարանի որոշումից հետո։

Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Պողոսյանները տարիներ շարունակ խոսել են հենց սպանության մասին. - «Գործի քննությունը օբյեկտիվ տարված չէ։ Եվ ամենասկզբունքային հարցը նա է եղել, թե ինչն է Պողոս Պողոսյանի մահվան պատճառը։ Քանի որ, ըստ նախկինում քննված գործի, ենթադրվում է, որ Պողոս Պողոսյանի մահը պատճառվել է անզգուշորեն»։

Բաղդասարյանի կարծիքով, առհասարակ նախագահի թիկնազորն առանց նրան տեղյակ պահելու որևէ գործողություն չէր կարող իրականացնել. - «Ենթադրվում է, որ Քոչարյանը պետք է տեղյակ լիներ իր թիկնապահների գործողություններից։ Իհարկե կյանքը ցույց կտա, հետագայում եթե գործը գնաց առաջին ատյանի դատարան և գործի քննությունը վերաբացվեց, գուցե թե էդ հանգամանքները կբացահայտվեն»։

Սամվել Պողոսյանը հույս ունի, որ գործը կվերաբացի և արդարադատության առջև կկանգնեն ոչ միայն սպանություն կատարողները, այլև պատվիրատուները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG