Մատչելիության հղումներ

Դատարանը վերսկսում է «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը


Պողոս Պողոսյանի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվում է Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրյալ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա, մեղադրվում է նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով։ Հարությունյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում մահացել էր Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը՝ սրճարան եկած երկրորդ նախագահին ողջունելու փորձ անելուց հետո։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ անզգույշ սպանության համար, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մի օր անգամ չէր անցկացրել։

Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականին Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով վճռին ու ուղարկել նոր քննության։

Աղամալ Հարությունյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը վերաքննիչի որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում։ Դատարանը, սակայն, մերժել էր վարույթ ընդունել բողոքը։

Այս գործը վերաբացվեց 2020-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո։ Նյուտոնը 2001-ին Հայաստանում էր աշխատում և դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։

Այս գործը Վերաքննիչ դատարան ուղարկած դատախազ Հայկ Խաչատրյանն «Ազատության»-ն ասել էր՝ ականատես Նյուտոնի հայտարարությունները վկայում են, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգուշությամբ, այլ նրան դիտավորյալ, խուլիգանական դրդումներով սպանել են մի խումբ անձինք։

«Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք ևս մասնակցել են իր հետ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելու», - նշել էր Խաչատրյանը:

Ըստ դատախազի, Նյուտոնի հայտարարությունից հետո կատարված փորձաքննությունը ցույց է տվել, որ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ոչ թե ընկնելու, այլ ծեծի հետևանքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG