Մատչելիության հղումներ

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն Իրանի շուրջ կացությունը


Ուրանի հարստացման ցենտրիֆուգներ Իրանի միջուկային օբյեկտներից մեկում, արխիվ

Մի քանի ժամից եվրոպական երեք առաջատար պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված կացությունը։ Հեյկո Մաասը, Ժան-Իվ Լը Դրիանը և Դոմինիկ Ռաաբը կհանդիպեն Փարիզում, Էնթոնի Բլինքենը նրանց կմիանա հեռուստակամրջի միջոցով։

Քառակողմ բանակցությունների գլխավոր թեման Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրն ու 2015 թվականին Թեհրանի հետ կնքված համաձայնագրի դրույթների վերագործարկման հնարավորությունն է։

Ֆրանսիայի ԱԳ նախարարության տեղեկություններով՝ արևմտյան չորս պետությունների բարձրաստիճան դիվանագետները պատրաստվում են քննարկել նաև Մերձավոր Արևելքում տիրող կացությունը։ Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ, այդուհանդերձ, առանցքային թեման միջուկային ասպարեզում Իրանի ձեռնարկած վերջին գործողություններն են։

Անցած շաբաթ ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ Իրանը վերսկսել է մետաղական ուրանի արտադրությունը, ինչը 2015-ի համաձայնագրի կոպիտ խախտում է, քանի որ կարող է Թեհրանին միջուկային զենքի ստեղծման իրական հնարավորություն տալ։ Արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այս հայտարարությանը՝ փետրվարի 12-ին համատեղ հայտարարությամբ հանդես եկան Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները՝ կոչ անելով Թեհրանին դադարեցնել մետաղական ուրանի արտադրությունն ու վերադառնալ 2015 թվականի համաձայնագրի դրույթների լիարժեք կատարմանը։

Պաշտոնական Թեհրանը, սակայն, այս հորդորներին հետևելու ցանկություն առայժմ չի ցուցաբերում։ Իրանական իշխանությունները հիշեցնում են, որ միջուկային համաձայնագիրն առաջինը լքել են ամերիկացիները՝ իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներ սահմանելով, ուստի, Թեհրանի պնդմամբ, առաջին քայլը պետք է ձեռնարկի հենց Միացյալ Նահանգները։

«Մենք բազմաթիվ գեղեցիկ խոսքեր ու խոստումներ ենք լսել, որոնք իրականում ոտնահարվել են, և փոխարենը լրիվ հակառակ գործողություններն են ձեռնարկվել։ Խոստումներ և խոսքեր մեզ այլևս պետք չեն։ Այս անգամ մենք հակառակ կողմից հստակ գործողությունների ենք սպասում։ Կլինեն գործողություններ՝ մենք էլ կգործենք», - երեկ իրանական Ադրբեջանի մայրաքաղաք Թավրիզ այցի ընթացքում հայտարարում էր երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

XS
SM
MD
LG