Մատչելիության հղումներ

Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները


Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Արա Այվազյանի հանդիպումը Մոսկվայում, 7-ը դեկտեմբերի, 2021թ․
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Արա Այվազյանի հանդիպումը Մոսկվայում, 7-ը դեկտեմբերի, 2021թ․

Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Սա Արա Այվազյանի հերթական աշխատանքային այցն է Ռուսաստան, որի շրջանակում էլ կայանալու են նրա բանակցությունները Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:

Լավրովն ու Այվազյանը վաղը կխոսեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով սպասվող աշխատանքների մասին: Պաշտոնական Մոսկվան հետպատերազմյան շրջանում պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր առաքելությունը։ Փետրվարի 10-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ТАСС-ին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել էր, որ Մինսկի խումբը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։ Ավելին` Ռուսաստանի փոխարտգործնախարարն անցած շաբաթ շեշտել էր, թե համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը նորից օրակարգում է, և որ այդ խնդրով պետք է զբաղվի Մինսկի խումբը։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հետ կապված հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա», - ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով «արդյո՞ք նպատակահարմար է, որ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը» հարցին։

Այվազյան-Լավրով հերթական հանդիպման նախօրեին պաշտոնական Մոսկվայի տարածած հաղղորդագրությունում կարգավիճակի մասին ասված չէ։

Ինչևէ, Այվազյանը Մոսկվա այցի նախօրեին՝ փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարները շեշտել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր են փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։

Հավելենք՝ պաշտոնական Մոսկվան հայտարարում է պարբերաբար, որ այսօր կարգավիճակից խոսելը վաղ է, և շեշտում է, որ նախ պետք է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում ու զբաղվել ճանապարհների ապաշրջափակման հարցերով։

Եվ վերջում՝ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում էր ունեցել ռուսաստանցի լրագրողների հետ, որի ժամանակ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի փոխանցմամբ, ասել էր, թե հպարտանում է, որ կարողացել է կանգնեցնել պատերազմը Ղարաբաղում։

Հավելենք, նոյեմբերի 9-ի՝ այդ թվում Պուտինի ստորագրած հրադադարի կետերից առնվազն մեկը՝ գերիների վերադարձի մասին կետը, ադրբեջանական կողմը չի կատարում։ Այսօր էլ Ադրբեջանում են գտնվում մեծ թվով հայ գերիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG