Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը․ Պաշտպանը հաղորդում է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստան վերադարձած գերիներին, 10-ը դեկտեմբերի, 2020թ․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 15-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:

Ըստ ՄԻՊ գրասենյակի, հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

«Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ-ը նշում է, որ հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։

XS
SM
MD
LG