Մատչելիության հղումներ

Միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, կարող է երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության համար, ասել է Այվազյանը


Այժմ տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն, Ըստ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասել է Այվազյանը:

Ընդգծելով, որ Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը հարգում է Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

«Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեքշաբթի ուշ երեկոյան՝ տարածաշրջանային այցի շրջանակում։

Նախատեսվում է Զարիֆի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային ուղևորությունը սկսել է Բաքվից, Երևան է ժամանել Մոսկվայից, նախատեսվում են նրա այցերը նաև Թբիլիսի և Անկարա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG