Մատչելիության հղումներ

ՌԴ-ն պատրաստ է խզել հարաբերությունները ԵՄ-ի հետ պատժամիջոցների խստացման դեպքում, հայտարարում է Լավրովը


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարը։ ՛՛Соловьёв LIVE՛՛ հաղորդման եթերում պատասխանելով, թե արդյոք Ռուսաստանը գնում է Եվրամիության հետ հարաբերությունները խզելուն հարցին, Սերգեյ Լավրովն ասել է. «Եթե մենք ևս մեկ անգամ տեսնենք, որ Ռուսաստանի տնտեսության համար զգայուն ոլորտներում պատժամիջոցներ են կիրառվում, այո։ Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան»:

Լավրովը հավելել է. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։

Նախօրեին Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ փետրվարի ընթացքում: Սահմանափակումները կարող են ներառել «ակտիվների սառեցում և մուտքի արգելք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների» համար։

Պատժամիջոցները, գործակալության տվյալներով, կկիրառվեն` ի պատասխան Ալեքսեյ Նավալնիի կալանավորման: Վերջինս այսօր, ի դեպ, մասնակցում է հերթական դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով վետերանին զրպարտելու գործով։ Ընդ որում, «զրպարտված» վետերանը հրաժարվել է մասնակցել այսօրվա դատավարությանը։ Դատախազը խնդրել է դատավորին կցել վետերան Արտեմենկոյի միջնորդությունը, որի համաձայն նա հայտնում է, որ իրեն տուժող է համարում, և որ իբր իր դիրքորոշումն արդեն հայտնել է փետրվարի 5-ին:

95-ամյա Արտեմենկոն իր միջնորդության մեջ հայտարարել է, թե նախորդ անգամ իրեն վատ է զգացել «ամբաստանյալ Նավալնիի կողմից շարունակվող վիրավորանքների պատճառով», որին նա խնդրել է տալ նաև քրեական գնահատական: Վետերանը հայտնել է, որ իրեն վատ է զգում և չի կարող մասնակցել դատավարությանը։

Նավալնին իր հերթին այսօր հայտարարել է, թե չի հավատում, որ 95-ամյա վետերանն ինքն է գրել այդ միջնորդությունը։

Հիշեցնենք` փետրվարի 2-ին Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման «Իվ Ռոշե» սկանդալային գործի շրջանակներում: Նավալնիի առանցքային թիմակիցներն ու աջակիցների մի մասն այսօր ձերբակալված է, նրա ռեգիոնալ շտաբների կոորդինատոր Լեոնիդ Վոլկովի դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Վոլկովն այսօր ապրում է Լիտվայում, և բալթյան այդ երկրի իշխանությունները հայտարարել են, թե չեն պատրաստվում հանձնել Վոլկովին Ռուսաստանին։ Նավալնիի թիմակիցն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք դադարեցնում են փողոցային պայքարը մինչև գարուն: Նրանք, սակայն, պայքարի նոր ձև են մշակել: Կիրակի երեկոյան Նավալնիի աջակիցները կհավաքվեն իրենց շենքերի բակերում, կմիացնեն հեռախոսների լապտերները՝ խորհրդանշական այդ ակցիայի միջոցով հայտնելով իրենց աջակցությունը Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին։

Ռուսաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ակցիան անօրինական է, սակայն ակնհայտ է, որ չկա բավականին ռեսուրս նման ակցիաները վերահսկելու և դրանց անցկացումը խոչընդոտելու համար։

Հավելենք, որ երկու օր առաջ Ալեքսեյ Նավալնիի կինը` Յուլիան, անսպասելի լքել է Մոսկվան և մեկնել Գերմանիա, ինչպես գերմանական մամուլն էր գրել, մասնավոր այցով։

XS
SM
MD
LG