Մատչելիության հղումներ

ԵՄ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը


Ռուսաստան - Մոսկվա, ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին

Չի բացառվում, որ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկմանը հետևեն Ռուսաստանի դեմ ԵՄ կողմից սահմանված նոր պատժամիջոցները, երեքշաբթի երեկոյան Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ռուսաստանի կառավարությունը շարժվում է խիստ մտահոգիչ ավտորիտար ուղով։ Քաղաքացիական հասարակության գործունեության շրջանակն ու ազատ կամարտահայտման հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Տպավորություն կա, որ ժողովրդավարական այլընտրանք զարգացնելու որևէ հնարավորություն գրեթե չի մնացել։ Ալեքսեյ Նավալնու գործի շրջանակներում ռուսաստանցի իշխանավորները հստակորեն ցույց տվեցին, որ անողոքաբար կանխում են ցանկացած նման փորձ», - հայտարարում էր Բորելը։

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Նույն այս՝ «Իվ Ռոշե»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ մի քանի տարի առաջ Նավալնիին անմեղ էր ճանաչել, ավելին` Ռուսաստանի իշխանությունները փաստացի ընդունել էին եվրոպական դատարանի վճիռը և Նավալնիին փոխհատուցել վնասը:

Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում։ Միայն հունվարի 31-ին ոստիկանությունը և Ռոսգվարդիան ձերբակալել են աննախադեպ մեծ թվով՝ 5 հազարից ավելի քաղաքացիների։

XS
SM
MD
LG