Մատչելիության հղումներ

Եվրոպացի գործիչներն ու լրատվամիջոցները «կատարյալ ֆիասկո» են որակում Բորելի այցը Մոսկվա


Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելև ՌԴ արտգործնախար Սերգել Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում։ Մոսկվա, 5--փետրվարի, 2021
Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելև ՌԴ արտգործնախար Սերգել Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում։ Մոսկվա, 5--փետրվարի, 2021

«Կատարյալ ֆիասկո», «դիվանագիտական նվաստացում ու ամոթալի աղետ». այսպես են եվրոպացի գործիչներն ու լրատվամիջոցները բնորոշում Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելի անցած շաբաթվա այցը Մոսկվա: 

«Համագործակցության ձեռք մեկնելու նրա փորձն ուղղալի տապալվեց, Կրեմլը ետ հրեց այն, ընդ որում`խիստ ցուցադրաբար», - պնդում է գերմանական «Դոյչե Վելլեն»:

Ինքը` 73-ամյա Բորելը ևս, ամփոփելով եռօրյա հանդիպումները, երեկ իր պաշտոնական բլոգում գրել է․ - «Ռուսաստանի իշխանությունները չցանկացան օգտվել Եվրամիության հետ առավել կառուցողական երկխոսություն վարելու այս հնարավորությունից: Դա շատ ցավալի է, և մենք պետք է դրանից համապատասխան եզրահանգումներ անենք»:

Բորելը Մոսկվա էր մեկնել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու ազատազրկումից մի քանի օր անց, ինչպես ինքն էր հայտարարել`որպեսզի անձամբ փոխանցի Արևմուտքի խորը մտահոգություններն այս հարցի առնչությամբ: Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նա իսկապես խոսեց այդ մասին, պահանջեց անհապաղ ազատ արձակել Նավալնուն ու նրա աջակիցներին, միաժամանակ, ի զարմանս շատերի, անուղղակի ընդունեց, որ սրանք լոկ օդում կախված նախազգուշացումներ են, և մինչ օրս հստակ որևէ քայլ չի արվել:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա տվյալ պահին ԵՄ անդամ որևէ երկրից չկա որևէ առաջարկ։ Այս հարցով քննարկումը կշարունակվի արտգործնախարարների հաջորդ հանդիպման ընթացքում, ինչպես նաև Եվրամիության առաջնորդների`մարտին կայանալիք գագաթնաժողովում: Իմ այս այցի նպատակն է հենց նախապատրաստվել այդ քննարկումներին, շատ կարևոր է, որ մենք հստակեցնենք`ինչ ենք ուզում անել մեր հարաբերությունների հետ», - նշել է Բորելը:

Կրեմլը, մինչդեռ, այդ հարցի պատասխանը տվեց տեղում, ի տարբերություն եվրոպացիների, որոնք դեռ նոր են պատրաստվում քննարկումների: Մասնավորապես, Բորելի այցի ընթացքում ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, թե երկրից վտարում է գերմանացի, շվեդ և լեհ դիվանագետների, քանի որ վեջիններս մասնակցել են Նավալնու ազատ արձակման պահանջով կազմակերպված ցույցերին: Է՛լ ավելի կոշտ էին արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականները։

«Մենք ձեզ չենք վստահում», - Բորելի կողքին կանգնած հայտարարեց նա: - «Մենք համակերպվել ենք, որ Եվրամիությունը ավելի ու ավելի հաճախ է միակողմանի սահմանափակումներ մտցնում մեր հանդեպ, որոնք որևէ իրավական հիմք չունեն: Մենք մեր կյանքը կառուցում ենք հիմնվելով այն համոզմունքի վրա, որ Եվրամիությունը վստահելի գործընկեր չէ, գոնե այս փուլում»:

Ավելին, Բորելի ներկայությամբ Լավրովը կասկածի տակ դրեց Արևմուտքի պնդումները, թե ընդդիմադիր Նավալնուն հայրենիքում փորձել են թունավորվել «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով: ԵՄ արտգործնախարարը նույնիսկ չփորձեց հակադարձել Լավրովի այդ խոսքերին, այն դեպքում, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր հրապարակել Նավալնուն բուժող գերմանացի բժիշկների ու փորձագետների եզրակացությունը, որը հետո հաստատել էին նաև Ֆրանսիայի, Շվեդիայի լաբորատորիաներն ու Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը:

«Սա ապտակ էր բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են ժողովդրավարությունը», - Բորել - Լավրով ասուլիսից հետո հայտարարել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության`ԵԺԿ-ի փոխնախագահ, Լատվիայի նախկին արտգործնախարար Սանդրա Կալնիետեն:

«Բորելի այցը իմաստ կունենար միայն, եթե նա այցելեր Նավանուն և հանգամանալից զրույց ունենար բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության։ Մինչդեռ իրականում Բորելը անգամ Ղրիմի մասին որևէ ակնարկ չարեց: Մենք հույս ունեինք, որ նա կպաշտպաներ եվրոպական արժեքները, և ոչ թե կդառնար կրեմլյան քարոզչամեքենայի գործիք», - հայտարարել է Կալնիետեն, ով զբաղվում է Եվրոպայի ամենամեծ կուսակցության արտաքին քաղաքականության օրակարգով:

Վերլուծաբանները միաժամանակ փաստում են` հիմա, երբ Բորելը վիրավորված և ձեռնունայն վերադարձել է Բրյուսել, Եվրամիության կողմից Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հնարավորությունը դառնում է առավել շոշափելի:

Այս ուղղությամբ առաջին տեսանելի քայլը կարող է արվել արդեն փետրվարի 22-ին կայանլիք անդամ երկրների արտգործնախարարների հերթական նիստում:

Մինչ այդ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր պաշտոնական բլոգում ընդգծել է․ - «Մենք այժմ կանգնած ենք խաչմերուկում, և ռազմավարական որոշումները, որ ընդունում ենք այսօր, ուրվագծելու են միջազգային ուժերի դասավորությունը քսանմեկերորդ դարում:

XS
SM
MD
LG