Մատչելիության հղումներ

Պատվաստման անձնագիր. ինչ, ինչպես և երբ


Փոքրիկ հարցաշար` առողջական վիճակին վերաբերող մի քանի հարցերով, կարճատև ներարկում և պատվաստման հավաստագիր` որպես կանոն, հենց այսպես է սկսվում և ավարտվում COVID-19-ի դեմ պատվաստումը Միացյալ Նահանգներում:

Սրսկումից հետո բուժաշխատողը պացիենտին հատուկ թերթիկ է տալիս, որի վրա արձանագրվում է` ո՛ր պատվաստանյութն է ստացել, երբ և որտեղ: Այս տեղեկությունները պահպանվում են նաև ընդհանուր տվյալների շտեմարանում, որոնք հասանելի են Ամերիկայի ցանկացած նահանգում:

Առայժմ, սակայն, չկա որևէ միջազգային համակարգ, որով պատվաստման հավաստագիրը հասանելի կդառնա նաև երկրից դուրս, օրինակ` ճամփորդելիս: Մյուս հիվանդությունների դեմ պատվաստումների դեպքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տասնամյակներ առաջ դեռ հատուկ փաստաթուղթ` «դեղին քարտ» է ստեղծել, որն ընդունելի ձևաչափ է անդամակցող բոլոր երկրներում: Հիմա փորձագիտական շրջանակներում քննարկվում է COVID-19-ի համար ևս նման` միասնական տեղեկանք ստեղծելու հարցը: «Նպատակն է առավել ներդաշնակ ու դյուրին դարձնել ճամփորդությունը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն անընդհատ տարբեր փաստաթղթեր լրացնել», - ասում է Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության փոխնախագահ Նիկ Քարենը: Կազմակերպությունը արդեն իսկ մշակել է բջջային մի հավելված, որը մի քանի շաբաթից կկիրառվի, օրինակ` Ethihad կամ Emirates ավիաուղիներում:

Կառավարություններն էլ իրենց հերթին են միացել գործընթացին: Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը պաշտոնամուտից հետո իր առաջին իսկ հրամանագրերի շարքում հանձնարարել է կառավարական գործակալություններին դիտարկել պատվաստանյութերի էլեկտրոնային հավաստագիր ստեղծելու հարցը:
Դանիան ավելի հեռուն է գնացել. կառավարությունը խոստանում է այս ամսվա վերջին արդեն թողարկել էլեկտրոնային անձնագիր, որով քաղաքացիները կկարողանան ցույց տալ, որ պատվաստվել են համավարակի դեմ:

Իսրայելը ևս պատրաստվում է այսպես կոչված «կանաչ անձնագրեր» տալ բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են կամ` վարակվել ու կազդուրվել: Վերջիններս, ըստ կառավարության, կարող են անարգել այցելել ռեստորաններ, մասնակցել զանգվածային միջոցառումների, այդ թվում`մարզական ու մշակութային հանդիպումների:

Պատվաստվողներին հատուկ արտոնություններ տալու հեռանկարը, սակայն, ոչ բոլորին է ոգևորում: «Իսկ ի՞նչ անեն մարդիկ, որոնք չունեն բջջային հեռախոս, որով կկարողանան այդ հավելվածը բեռնել», - հարց է բարձրացնում առողջապահության ոլորտի փորձագետ Միշել Գուդվինը՝ ընդգծելով. - «Պատվաստումների կապակցումը թանկարժեք սմարթֆոնի հետ չի բխում ոչ քաղաքացիական ազատությունների և ոչ էլ հիմնարար իրավունքների շահերից»:

Մյուս մտավախությունը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը. ի վերջո, ի՞նչ տեղեկություններ են ներառվելու այդ` էլեկտրոնային անձնագրում, և ովքե՞ր են դրանք տնօրինելու: Անորոշ է նաև, թե վավերականության ինչ ժամկետ կարող է ունենալ այդ հավաստագիրը, քանի որ ստույգ չէ` պատվաստվելուց հետո որքան երկար են մնալու հակամարմինները մարդու օրգանիզմում: Չկա նաև միասնական դիրքորոշում պատվաստանյութերի հարցում. աշխարհով մեկ կառավարությունները դեռ պետք է ընդհանուր հայտարարի գան` արդյոք ընդունելի են շուկայում առկա բոլոր դեղամիջոցները, եթե ոչ` դրանցից որոնք են ընդունելի բոլորի համար:

Հարցերն առավել շատ են, քան պատասխանները, ինչը հիմք է տալիս մասնագետներին պնդելու, որ աշխարհով մեկ պատվաստման համընդհանուր և միասնական համակարգ ունենալու համար տարիներ կպահանջվեն: Առավել ևս, որ մինչ օրս կառավարությունները դեռ չեն կարողացել անհրաժեշտ քանակի պատվաստանյութերի ձեռքբերման ու բաշխման հարցը լուծել:

Ըստ վերջին տվյալների՝ հիմա ամեն օր աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվում է մոտ 4 միլիոն 851 հազար մարդ, հաղորդում է Bloomberg-ը: Սա, փաստացի, աննախադեպ ցուցանիշ է, սակայն նույնիսկ այդ տեմպերով կպահանջվի մոտ վեցուկես տարի, որպեզի մոլորակի բնակչության 75 տոկոսը պատվաստվի: Ըստ փորձագետների՝ պատվաստման հենց այդ մակարդակն է անհրաժեշտ վարակի հետագա տարածումը կանխելու համար:

XS
SM
MD
LG