Մատչելիության հղումներ

Վակցինա․ հսկայական պահանջարկ և անբավարար առաջարկ


Կորոնավիրուսի դեմ Moderna տեսակի վակցինայի ներարկում, Բրյուսել, 2 փետրվարի, 2021թ.
Կորոնավիրուսի դեմ Moderna տեսակի վակցինայի ներարկում, Բրյուսել, 2 փետրվարի, 2021թ.

Միջազգային շուկայում դեֆիցիտ համարվող արտադրանքի ցանկում առաջին տեղերում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն է:

Աշխարհում վարակվել է մոտ 104 միլիոն մարդ, COVID-19-ից մահացել է ավելի քան 2 միլիոն 260 հազար հիվանդ:

Չափազանց մեծ դժգոհություն է Եվրամիության երկրներում: Միությունը միլիարդավոր եվրոներ է ծախսել համավարակը զսպելու համար, սակայն այսօր ամեն օր հազարավոր մարդիկ են մահանում:

Անցած շաբաթ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, թե նպատակ ունի մինչև ամառվա վերջ COVID-ի դեմ պատվաստանյութ տրամադրել Եվրամիության չափահաս բնակիչների 70 տոկոսին:

Այդպես Միությունը պետք է սկսեր աստիճանաբար ազատվել կարանտինային ռեժիմից, որը միլիարդների տնտեսական վնաս է հասցրել, բայց պարզվել է, որ դեղագործական ընկերությունները չեն հասցնում արտադրել պայմանագրերով համաձայնեցված դեղաչափերը:

Եվրոպայում ավելի քան 700 հազար մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել: Վակցինայի պահանջարկը շատ մեծ է, իսկ առաջարկը՝ ոչ բավարար:

Եվրամիությունը պատվաստանյութի պայմանագրեր ունի Pfizer-BioNTech գերմանա-ամերիկյան ընկերության և Astra-Zeneca բրիտանա-շվեդական ընկերության հետ:

Pfizer-BioNTech-ը՝ թեկուզ ակնհայտ դժվարությամբ, այնուամենայնիվ կատարում է պայմանագիրը, իսկ Astra-Zeneca-ն չի հասցնում, ընդ որում ընկերությունը հայտնել է, թե Լոնդոնն է խոչընդոտում վակցինայի առաքումը մայրցամաքային Եվրոպա:

Միության կազմից դուրս եկած Բրիտանիան էլ պնդում է, որ նախևառաջ պատվաստանյութով պետք է ապահովի իր հպատակներին:

Եվ այնուամենայնիվ, դեղագործական առաջատար ընկերությունները փորձում են ոչ միայն ավելացնել դեղաչափերի արտադրությունն, այլև էքսպերիմենտալ կարգով բարձրացնել վակցինայի արդյունավետությունը:

Pfizer-BioNTech-ի և Astra-Zeneca-ի մասնագետներն առաջարկում են այդ նպատակով մարդուն ներարկել մեկ դեղաչափ մի ընկերությունից, երկրորդը՝ մյուսից:

«Մենք փորձում ենք համատեղել տարբեր վակցինաներ COVID-ի դեմ իմունիտետ ստեղծելու ժամանակացույցով: Ուզում ենք պարզել, թե արդյոք արդյունավետ կլինի։ Դա թույլ կտա ավելի ճկուն և ազատ աշխատել թե՛ Բրիտանիայում, թե՛ ամբողջ աշխարհում», - ասել է այս գիտական փորձի համակարգող, պրոֆեսոր Մեթյու Սնեյփը:

Կա նաև երկրորդ էքսպերիմենտը՝ AstraZeneca-ի վակցինայից հետո մարդուն ներարկել ռուսական արտադրության Sputnik V-ն:

Եթե այս փորձերը պսակվեն հաջողությամբ, ապա վակցինաները կարող են, փաստորեն, փոխլրացնել միմյանց:

Դրանց արտադրությունը տարբեր երկրներում և տարբեր ընկերություններում իրագործվում է տարբեր ժամանակացույցով:

Որպես կանոն, պահանջվում է երկու ներարկում: Այդպիսով բժիշկները կստանան մանևրելու և նշանակված օրը մարդուն երկրորդ դեղաչափը ներարկելու հնարավորություն:

Մինչդեռ Գերմանիայում քիչ չեն մարդիկ, հատկապես «խոցելի» խմբերից, ովքեր պատրաստ են ստանալ Sputnik V-ն, որի արդյունավետությունը հասնում է 92 տոկոսի: Այդ մասին է վկայում Բեռլինում Reuters-ի անցկացրած հարցումը:

«Այո, կարծում եմ, կընդունեմ Sputnik V-ն: I վերջո, մենք պետք է վերցնենք այն, ինչ առաջարկում են: Eթե դա համապատասխանում է բոլոր պահանջներին, ինչո՞ւ չօգտվել», - ասել է բեռլինցի Էլվիրա Լուկովսկին:

«Իհարկե, ինչո՞ւ ոչ, քանի որ երկարատև ստուգումների արդյունքները կան և թափանցիկ են», - ասել է Կարոլա Շրեդեն:

«Եթե այլ վակցինա չկա, ապա դրանից կօգտվեմ, անկասկած: Չէ՞ որ դա հաստատել են։ Հուսով եմ, որ հաստատողներն իրենց գործը գիտեն», - ասել է Պետրա Լոնգոլորինգան:

«Իհարկե, հաստատ կուզեմ, ինչո՞ւ ոչ, անկեղծ եմ ասում, հրաժարվելու պատճառ չկա, օր առաջ կանեմ»,- հավաստիացրել է թոշակառու Բերնդ Կռաուզեն:

Sputnik V-ն աշխարհում չորրորդ վակցինան է, որն անցել է փորձարկումների երրորդ փուլը, և դրա արդյունքները հրապարակվել են գիտական հանդեսներում:

Մինչ այդ միջազգային մասնագիտական մամուլի կողմից ճանաչումը ստացել են Pfizer-BioNTech-ի, AstraZeneca-ի և ամերիկյան Moderna-ի պատվաստանյութերը:

Եվրամիությունում կշտամբում են ղեկավարներին՝ ասելով, թե ամոթ է, որ միությունը բնակչության վակցինացիայի հարցում հետ է մնում Ամերիկայից, Բրիտանիայից և Իսրայելից:

Իսկ այս ընթացքում Johnson & Johnson ընկերությունն է դիմել ամերիկյան պատկան մարմիններին իր վակցինան գրանցելու հայտով:

Առաջիկայում Johnson & Johnson-ը հայտ կուղարկի նաև Եվոպական միության կառույցներին:

Ըստ մասնագետների, ի տարբերություն 95 տոկոս արդյունավետություն ապացուցած Pfizer-BioNTech-ի և Moderna-ի վակցինանաների, Johnson & Johnson-ինը ընդամենը 66 տոկոսի է հասնում:

Բայց կա երկու առավելություն՝ պահանջվում է ընդամենը մեկ ներարկում և պարտադիր չէ վակցինան պահել հատուկ սառցարաններում:

Այդ պատվաստանյութը հնարավոր է կիրառել արտակարգ դեպքերում՝ եթե չկա մեկ ուրիշը: Նման պատվաստանյութի տասնյակ միլիոնավոր դեղաչափեր է արտադրում նաև չինական Sinovac-ը, որի արդյունավետությունն, ըստ ամերիկացիների, առայժմ 50 տոկոս է:

Գիտական աշխարհն ու դեղագործական ընկերությունները հենց այս օրերին աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ևս մի քանի տասնյակ տարբերակների վրա:

XS
SM
MD
LG