Մատչելիության հղումներ

Ջավախքում պահանջում են բացել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները


Վրաստան, Ջավախք - Ցուցարարները Ախալքալաքի քաղաքապետարանում, 3-ը փետրվարի, 2021թ․

Ախալքալաքի կենտրոնում փետրվարի 3-ին բողոքի ցույց է անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանների բացման պահանջով։

Քաղաքապետարանի դիմաց հավաքված մոտ 100 ցուցարարները մուտք են գործել շենք՝ տեղական իշխանությունից պահանջելու հնարավորություն տալ իրենց մեկնել արտագնա աշխատանքի։

Ռուսաստանի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանները փակ են նախորդ տարվա մարտից՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։

Ցուցարարները պնդում են, որ ճամփորդության արգելքի պատճառով զրկվել են աշխատանքից, մատնվել են սովի, ոմանց ընտանիքների անդամները մնացել են սահմանների մյուս կողմում։ Եկամտի հնարավորությունից զրկվելու հետևանքով վտանգի տակ են հայտնվել ոմանց գրավադրված ունեցվածքը, տները։

Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում ախալքալաքցիները ներկայացրել են իրենց հուզող մի շարք տնտեսական խնդիրներ, սակայն որպես հիմնական պահանջ նշել են սահմանների բացումը և արձագանքելու համար մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանություններին։

Սա Ախալքալաքում այս պահանջով արդեն երկրորդ ցույցն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Ցուցարարները փողոց էին դուրս եկել նաև հունվարի 31-ին։

Ջավախքի բնակիչներից շատերի համար սեզոնային աշխատանքը Ռուսաստանում կամ Հայաստանում եկամտի հիմնական աղբյուրներից է։

Վրաստանն այժմ արգելում է իր քաղաքացիներին հատել սահմանը թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Ճամփորդությունը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում՝ Վրաստանում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների համաձայնությունը ստանալուց հետո։

Հունվարի վերջին Վրաստանը հայտարարեց, որ մեղմում է օտարերկրացիների՝ Վրաստան մուտքի կարգը, և թույլ տվեց փետրվարի 1-ից մուտք գործել երկիր Covid-19-ի դեմ պատվաստում ստացած լինելու դեպքում, վերացվում է նաև միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ սահմանափակումը։

Հայաստանից Վրաստան անձանց մուտքն այժմ հնարավոր է միայն օդային ճանապարհով՝ Covid-19-ի դեմ պատվաստումն ամբողջությամբ՝ երկու չափաբաժնով ստանալուց հետո։

Նախորդ տարվա սկզբին տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման ամենացածր ցուցանիշն ունեցող Վրաստանում համաճարակային իրավիճակը կտրուկ վատթարացավ աշնանը։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակի մոտ 260 հազար դեպք, հիվանդությունից մահացածների թիվը գերազանցում է 3 հազար 200-ը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում, այդուհանդերձ, վարակի նոր դեպքերի գրանցվող թվերը սկսել են նվազել։


XS
SM
MD
LG