Մատչելիության հղումներ

57 հայ ռազմագերիները ևս պետք է հայրենադարձվեն, պնդում են պատգամավորը և փաստաբանը


Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ

Ադրբեջանում պահվող ու դիվերսանտ-ահաբեկիչ համարվող 57 հայ ռազմագերիները ևս պետք է վերադարձվեն հայրենիք՝ անկախ նրանից, թե ադրբեջանական կողմը նրանց ինչ կարգավիճակ է տվել․ դա սահմանված է նոյեմբերի լույս 10-ի գիշերը կնքված եռակողմ հայտարարության 8-րդ կետում, ասում է շիրակցի գերիների հարցերով զբաղվող՝ Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Ստորագրված հայտարարության 8-րդ կետը հստակորեն նշում է, որ վերադարձի ենթակա են և՛ գերեվարվածները, և՛ պատանդ պահվող անձինք, և՛ այլ անձինք, որոնք գտնվում են իրենց տարածքում։ Այս «այլ անձի» դրույթի մեջ, ըստ երևույթին, ցանկացած անձ, որը ապօրինաբար գտնվում է այս պահին Ադրբեջանի տարածքում, ենթակա է վերադարձման», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Սա շատ կարևոր խնդիր է, և նույնիսկ եթե որոշակի թեզեր են քաշվում առաջ, ապա վերադարձի ենթակա են նաև տարբեր կարգավիճակ ունեցող անձինք։ Ինչպես դուք գիտեք, նաև հայաստանյան կողմն էր որոշակի քրեական գործերով հետապնդվող անձանց վերադարձրել, սա՝ վառ ապացույց դրա»։

Ադրբեջանն անցած շաբաթ հենց Խծաբերդից գերեվարված 62 հայ ռազմագերիներից 5-ին փոխանցեց հայկական կողմին։ Ի՞նչ տրամաբանությամբ նրանք վերադարձվեցին հայրենիք, եթե պաշտոնական Բաքուն մյուս 57-ին չի ցանկանում վերադարձնել՝ պնդելով, թե նրանք պատերազմի դադարից 20 օր անց ադրբեջանական վերահսկողության տարածքներ էին մտել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը ենթադրում է միայն․ - «Կարող են մեկնաբանել, որ թեև ահաբեկիչներ էին, սակայն որպես հանցագործներ հետ վերադարձվեցին, բայց վիճելի են դարձնում հենց ռազմագերու կարգավիճակը։ Իհարկե, դա առաջնային մակարդակի գնահատական եմ որակում, և միջազգային կառույցները կաշկանդված չեն ադրբեջանական իշխանությունների որակումներով, և այդ հարցերը այնտեղ քննարկման առարկա դառնալու են։ Կարծում եմ՝ այս մասին քաջատեղյակ են նաև Ադրբեջանի իշխանությունները»։

Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանը սպառնում է հայկական կողմին՝ Արցախում Հայաստանի զինված ուժերի ծառայությունը դիտարկելով որպես ահաբեկչություն։ Բացի այդ, ըստ փաստաբանի, պաշտոնական Բաքուն նաև փորձում է հայկական կողմի հետ սակարկությունների գնալ։

«Ադրբեջանը ցանկանում է ավելի մեծ գին ստանալ այդ գործողությունը կատարելու համար։ Ռազմագերու հայրենադարձության խնդիրը քաղաքականացված է և դարձել է բանակցություններում սակարկումների առարկա», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է միայն 57 հայ ռազմագերիների առկայությունը, այնինչ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։

Ի դեպ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում հայտարարել են, որ անհրաժեշտ է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG