Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԱԾ ու Ադրբեջանի ԱՊԾ տնօրենները քննարկել են գերիների փոխանակմանն ու անհետ կորածներին առնչվող հարցեր


ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենը դեկտեմբերի 28-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենը դեկտեմբերի 28-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ

Հանդիպել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ու Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևը, քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքների վերաբերյալ հարցերը, փոխանցում է Հայաստանի ԱԱԾ-ը` հավելելով, որ այս թեմաներով շփումները շարունակվում են։ Հաղորդվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների տնօրենների հանդիպումը կայացել է Արարատի մարզի Երասխ համայնքի սահմանամերձ չեզոք գոտում, հանդիպմանը օրը չի հստակեցվում։

Գերիների հարցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Երեկ հանրայնացված նամակի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են և նրա պնդմամբ՝ «Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մեղադրել է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Բայրամովը կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ «համոզել Հայաստանին զերծ մնալ ապակայունացնող գործունեությունից և դուրս բերել բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր խստորեն դատապարտել է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդումը: Նախարարությունը Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակում է որպես միջազգային հումանիտար նորմի կոպիտ խախտում և ընդգծում, որ ռազմագերիների ազատ արձակման պահանջն ամրագրված է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, և որ նրանց հանդեպ քրեական հետապնդումը հայտարարության կոպիտ խախտում է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հատկանշական է համարում, որ Ադրբեջանը ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսել նրանց գերավարումից շուրջ մեկ ամիս անց, ինչն ըստ Արտգործնախարարության` ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ զինծառայողներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։

«Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի բացառում, որ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը հայկական կողմի ռազմագերիների հարցերով իրականացվող աշխատանքներին ի պատասխան է. «Երբ որ Եվրոպական դատարանում և մի շարք միջազգային կառույցներում Հայաստանն ուղղում է նամակներ և գործընթացներ է տանում մեր գերիների հետ կապված, սա կարծես թե կանխարգելիչ կամ ինքնապաշտպանական գործողություն կարող է լինել»:

Նինա Կարապետյանցի կարծիքով` Բայրամովի նամակը կարող է նաև նշանակել, որ Ադրբեջանի իշխանությունները ինչ-որ քայլ են նախապատրաստում. «Ինչ կոնկրետ քայլի մասին է խոսքը` չեմ կարող ասել, որովհետև Ադրբեջանն այս պատերազմին պատրաստվել է շատ լավ բոլոր առումներով շատ լավ, այդ թվում` դիվանագիտական առումով փայլուն էր պատրաստվել: Ես կարծում եմ, որ ինչ-որ գործընթացներ կարող են լինել»:

Եվրոպական դատարանը մինչև այժմ Հայաստանից ավելի քան 200 գերիների վերաբերյալ դիմումներ է ստացել։ Այդուհանդերձ, Ադրբեջանը միայն 10 գերիների մասով է հաստատում ներկայացրել։

XS
SM
MD
LG