Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գերության մեջ պահվող 5 զինծառայողներ վերադարձան հայրենիք


Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյան, արխիվ

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի ԱԱԾ-ի ջանքերով քիչ առաջ Հայաստան վերադարձվեց ադրբեջանական գերության մեջ գտնվող հինգ զինծառայող: Նրանք արդեն տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ասաց, որ հինգն էլ Շիրակի մարզից են: «Հինգ հոգի են, Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, սա առաջին խումբն է: Ես տեսա, շատ նորմալ էր իրենց առողջական վիճակը: Հիմա իրանց տարել են, բժշկական այցելումներ կանեն ու դրանից հետո երևի թե ընտանիքի անդամների հետ կհանդիպեն: Շատ կարևոր էր, որ հենց այդ 62-ից առաջին խումբը եկել է, նշանակում է, որ գործընթացը գնում է», - ասաց Ավագյանը:

Էրեբունի օդանավակայանի տարածքում էին նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, նրանք հույս ունեին, որ հնարավոր է՝ իրենց որդիները այս գերիների ցանկում լինեն: Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ որդուց արդեն 100 օր է լուր չունի: «Ջաբրայիլի տարածքում է եղել, հոկտեմբերի 4-ին զանգել է ու անհետ կորել», - նշեց նա:

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան գրառմամբ այսօր հայտնեց նաև, որ գերության մեջ գտնվող 62 զինծառայողներ հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ:

Իրավապաշտպանների և առհասարակ տարբեր տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում շուրջ 200 հոգի: Պաշտոնապես նրանց թիվը չի հաղորդվում, բայց նրանցից 150-ի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG