Մատչելիության հղումներ

ԲԴԽ նախագահը ողջունում է մասնագիտացված դատավորների ինստիտուտի ստեղծումը, մինչդեռ ըստ ՓՊ նախագահի՝ փոփոխությունները քաղաքական են


Երևանյան դատարաններից մեկի շենքը

Մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը խնդրահարույց չէ, ավելին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի կարծիքով՝ ողջունելի գործընթաց է։ Այդպես նոր դատավորներ կընդգրկվեն համակարգում, ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ ընդգծելով՝ դատավորները գերծանրաբեռնված են։

«Իմ գնահատմամբ և իմ կարծիքով, ոչ միայն այս դատարանն էր պետք ստեղծել, այս 23 կամ 24 հաստիքն էր պետք ավելացնել, այլ պետք էր ավելացնել 224 կամ 234 հաստիք։ Ցանկացած ավելացված հաստիք դատական իշխանության համար, դրական է, դրական եմ գնահատում», - ասաց Վարդազարյանը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան

Երկու շաբաթ առաջ գործադիրը հավանություն տվեց դատական ոլորտին վերաբերող մի շարք օրենքների փոփոխությունների, որոնցով նախատեսվում է կալանքներ, խուզարկություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննություն մասնագիտացված դատավորների միջոցով։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր ներկայացրել փոփոխությունները ու պարզաբանել՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևանի և մարզերի դատարանների համար։

Խորհրդարանում քննարկվելիք նախագծում նշվում է, որ քրեական գործեր քննող դատավորները միաժամանակ զբաղված են լինում կալանքների հարցերի քննությամբ, ինչն էլ հանգեցրել է համակարգի գերծանրաբեռնվածության։ Բացի դա, կա ևս մեկ խնդիր՝ դատավորների հերթապահության պատճառով շատ դեպքերում կանխատեսելի է դառնում կալանքի միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման համար։ Մասնագիտացված դատավորների առանձնացումը կլուծի այս խնդիրը, կարծում են Հայաստանի իշխանությունները։

Ըստ նախագծի՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները կքննեն միայն մինչդատական քրեական վարույթի և կոռուպցիոն բնույթի գործեր։

Դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մտավախություն չունի, թե այս դատարանների ստեղծումով իշխանությունը փորձում է քաղաքական խնդիր լուծել՝ իրեն ոչ հաճո մարդկանց կալանքի տակ առնելու համար և այլն։

«Եվ մենք ղեկավարվելու ենք օրենքով, այլ ոչ թե քաղաքական կոնյունկտուրայի մեջ հաշվի առնելով անձը կամ նրա ուղղվածությունը քաղաքական։ Պարզ, հասարակ տրամաբանությամբ, տրամաբանությունը հետևյալն է, որ այդ դատավորներին ընտրելու է Բարձրագույն դատական խորհուրդը և ղեկավարվելու է բացառապես օրենքով և այդ դատավորի, թեկնածուի մասնագիտական գիտելիքները հաշվի առնելով՝ այնպես, ինչպես մյուս դատավորներն են նշանակվում։ Հետևաբար քաղաքական որոշումներ, կամ իշխանահաճո որոշումներ ես բացառում եմ այդ դատարանի կողմից», - ասաց ԲԴԽ նախագահը։

Մինչդեռ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Արդարադատության նախարարության առաջարկած այս փոփոխությունները ոչ թե իրավական, այլ քաղաքական է համարում։

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան

«Ուղղակի հաշվի առնելով նախորդ իրադարձությունները, ես կարծում եմ, որ այստեղ արդեն քաղաքական նկատառումներ կան, ինչո՞ւ, որովհետև նմանատիպ առաջարկները, մենք տեսել ենք, ծնվել են միայն կոնկրետ քրեական գործերից հետո, այսինքն՝ որոշակի անհաջողություն են իրենք համարել այդ գործով արձանագրված և ծնվել է վեթթինգ հասկացությունը, անցումային արդարադատություն, դատարանների շրջափակում, հիմա էլ, փաստորեն, արագացված ռեժիմով նոր դատավորներ արտադրելու նախաձեռնությունը։ Սա է մեզ մտահոգում, թե չէ, այո՛, դատավորների քանակը պետք է համալրել, որովհետև դատավորներն այսօր եվրոպական ստանդարտների համապատասխան շատ քիչ են մեզ մոտ, բայց ոչ այսպես արագացված ռեժիմով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

XS
SM
MD
LG