Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, Հայաստանը մտնում է դատական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ


Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս փաթեթով ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը։

Ըստ Բադասյանի՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի և մարզերի դատարանների համար։

Նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում՝ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Մինչև 21 դատավորի հաստիք կավելանա առաջին ատյանի դատարանում, 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

«Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Երկրորդ, անընդհատ հասարակությանը հուզում է մանավանդ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում կայացված դատական ակտերի օբյեկտիվությունը։ Կարծում ենք, որ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստի, որ նշված դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն, և հասարակական ընկալման տեսանկյունից՝ վստահությունը դատական իշխանության նկատմամբ այս մասով կբարձրանա »,- ասել է նախարարը։

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ են մտնում:

«Առաջիկայում մենք սպասում ենք պարեկային ոստիկանության ձևավորմանը, և այս փաթեթն էլ մեր բարեփոխումների շատ կարևոր մասն է։ Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է: Եվ, ըստ էության, դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է», - նշել է վարչապետը՝ շարունակելով․ - «Պետք է երաշխավորված լինենք, որ նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն։ Այսինքն՝ կայացվեց որոշումը և բոլորն ի գիտություն ընդունեն, որ դատարանն այդպիսի որոշում կայացրեց, այլ ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ պատճառահետևանքային, այդ թվում՝ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ: Մեր խնդիրը, որ մենք պետք է լուծենք, սա է»:

Նշենք, որ երեկ էլ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովը կողմ քվեարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց՝ փոփոխությունները թույլ կտան առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG