Մատչելիության հղումներ

Պետաիրավական հանձնաժողովը կողմ քվեարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին


Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովը այսօր առանց ընդդիմադիրների մասնակցության միաձայն կողմ քվեարկեց սահմանադրական օրենքների նախագծերի փաթեթին (ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ)։

Փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։ Առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված դատարանի 20 դատավորները կքննեն կոռուպցիոն, 5 դատավորները՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կազմված է կլինի առնվազն տասը դատավորներից։

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց՝ փոփոխությունները թույլ կտան առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Այս փոփոխությունները բավարար գործիքակազմ տալի՞ս են վարչապետի կողմից ոչ մեկ անգամ հնչեցված տարիներ շարունակ երկրում կատարված թալանը հետ բերելու համար, հետաքրքրվեցինք նախարարից։

«Փոփոխություններն, այո, հնարավորություն ստեղծում են ձեր նշած նպատակներին հասնելու համար, բայց դա պետք չէ բացարձականացնել, որովհետև քրեական գործերի շրջանակներում ևս կարող էին բացահայտվել շատ հանգամանքներ, իմ կարծիքով, և քրեական գործերի շրջանակներում հասու գործիքների միջոցով պետությանը պատճառված վնասի հատուցման և այլ հարցեր կարող էին լուծված լինել։ Այնուամենայնիվ, այո, սա ձեր նշած նպատակներին հասնելու նաև միջոցներից է», - արձագանքեց Բադասյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը ևս այսօր հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին: Օրերս մամուլը գրել էր, որ այս կոմիտեի ղեկավարի պաշտոնում իշխանության թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, 29-ամյա Արգիշտի Քյարամյանն է, ով վերջերս էլ Քննչական կոմիտեի փոխնախագահ նշանակվեց։ Բադասյանն ասաց՝ դեռ վաղ է թեկնածուների մասին խոսելը, բացի այդ ընտրությունը լինելու է մրցութային կարգով։

«Ազատության» հարցին՝ Քյարամյանը համապատասխանո՞ւմ է մրցույթի պահանջներին, արդարադատության նախարարը պատասխանեց. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար պահանջվում էր հինգ տարվա կոնկրետ ոլորտների ստաժ և առաջին հայացքից կարող ենք արձանագրել, որ, այո, բայց այս հարցն անպայման շահարկումների տեղիք է տալու։ Այսինքն պարոն Քյարամյանը, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, միանշանակ ունի բավարար չափով փորձառություն, բայց կարծում եմ, անլուրջ խոսակցություն է, որովհետև մրցութային խորհուրդ է լինելու, այսինքն անձն ինքը իր կամարտահայտությունը պետք է արտահայտի»։

Ընդդիմադիրները հանձնաժողովի նիստին չէին մասնակցում։ Հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը ասում է՝ հետպատերազմյան Հայաստանում շատ ավելի կարևոր հարցեր կային, և ինքը տեղին չի համարում այս փուլում նման օրակարգով նիստերը ծանրաբեռնելը։

Ինչ վերաբերում է նախագծի բովանդակությանը մի շարք վերապահումներ ուներ. «Այս օրենսդրական նախաձեռնությամբ, փաստորեն, մենք ունենում ենք արտոնյալ դատավորներ, ովքեր ավելի շատ են վարձատրվում և ի տարբերություն մնացած բոլոր դատավորների, ովքեր պակաս գործ չեն կատարում այս խնդրի մեջ, նրանք, փաստորեն, ավելի լավ վիճակում են հայտնվում՝ սոցիալական ապահովության և այլ իմաստներով։ Սա ընդունելի է, ասենք, կոռուպցիայի հարց քննող դատավորը ավելի մեծ գործ չի անում, քան սպանության հարց քննող դատավորը»։

Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորը նոր նախաքննական մարմնի ստեղծումն է ռիսկային համարում։ Ասում է՝ կարելի էր պարզապես Քննչական կոմիտեում նոր ստորաբաժանում ստեղծել և խուսափել լրացուցիչ ռեսուրսներ ծախսելուց։

«Եթե, էլի, այստեղ հետին նպատակ միտք ունենք, որ ավելի ենթակա քննիչների խումբ ձևավորենք, որը կատարի գործադիր իշխանության հրահանգները, այսպես մենք իրավական պետություն չենք կառուցի», - նշեց նա։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, նախարարը ասում է՝ Եվրամիությունը Հայաստանին 9 մլն եվրո է տրամադրել այս բարեփոխումները իրականացնելու համար և հատուկ շեշտել, որ գումարը կարող է ծախսվել միայն արդարադատության ոլորտում։ Նախատեսվում է, որ այս օրենքները ուժի մեջ կմտնեն այս տարվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG