Մատչելիության հղումներ

Մոսկովյան բանակցությունների օրակարգը ապաշրջափակումն է. փոխվարչապետ


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Հունվարի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը բանակցելու են Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ավտոմայրուղիների ու երկաթուղային գծերի ապաշրջափակման շուրջ, այսօր Եռաբլուրում «Ազատության» հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով հայկական կողմից վարելու է այդ բանակցությունները։

«Այս պահին օրակարգը, որով հանդիպումը սկսվելու է, հունվարի 11-ի հայտարարությունն է։ Որևէ ավելի կոնկրետ հարց դեռևս չկա», - ասաց փոխվարչապետը։

Դիտարկմանը, որ, ըստ ամենայնի, քննարկվելու են հայկական և ադրբեջանական երկաթգծերը վերագործարկելու, միացնելու հարցերը, Գրիգորյանն արձագանքեց․ - «Եթե հայտարարությամբ նայենք՝ այո։ Ապաբլոկավորումը տրանսպորտային և տնտեսական կապի, բնականաբար ենթադրում է թե՛ երկաթուղին, թե՛ ավտոճանապարհները, թե՛ այլ բաղադրիչներ»։

Հարցին, թե արդյոք խոսքը միայն Նախիջևանի մասին է, թե վերաբերում է նաև Աղստաֆայի հատվածին, փոխվարչապետը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որևէ կոնկրետ ուղղությամբ սահմանափակում այս պահին չկա որևէ փաստաթղթում»։

Երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։

Արտգործնախարար. Արցախի հարցը լուծված չէ

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանն անդրադարձավ նաև արտգործնախարար Արա Այվազյանը՝ նշելով, որ երեկ իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է հարցը՝ հավելելով. - «Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չէ»։

Արտգործնախարարը նաև տեղեկացրեց, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման շուրջ Թուրքիայի հետ այս պահին չեն բանակցում։

Արա Այվազյան
Արա Այվազյան

Այվազյանը անդրադարձավ ղարաբաղյան խնդրին․ - «Արցախի հիմնահարցը լուծված չէ։ Կա հիմնական, առանցքային հարցը, որը Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին նաև խոսել են համանախագահ երկրները արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Երկրորդը, որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ։ Եվ վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում։ Նախ և առաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցում։ Եվ կարծում եմ, Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար»։

XS
SM
MD
LG