Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ


Բարձրագույն դատական խորհրդի նոըւնտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանը (ձ) և Գագիկ Ջհանգիրյանը
Բարձրագույն դատական խորհրդի նոըւնտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանը (ձ) և Գագիկ Ջհանգիրյանը

Ազգային ժողովը այսօր արտահերթ նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց։

Մեկը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է, որ ստացավ 86 կողմ, դեմ 3 ձայն։ Մյուսը իրավաբան, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Հատուկ քննչական ծառայության ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը։ Նրա օգտին ստացվել է 85 կողմ, 3 դեմ ձայն, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Թեկնածուների ընտրության համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե։ Երկու թափուր տեղերում թեկնածուներին իշխող «Իմ քայլն» էր առաջադրել։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել, նիստի սկզբից նաև լքեցին դահլիճն ու չմասնակցեցին քննարկումներին, հայտարարեցին, որ բոյկոտելու են նաև քվեարկությունը։

«Որոշումը քաղաքական է», - ասաց «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը, - «և պատճառաբանված է նրանով, որ ընդդիմությունը ամեն կերպ հեռու է պահվել դատաիրավական բարեփոխումներին մասնակցելու հնարավորությունից»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակությունից Իվետա Տոնոյանը հայտարարեց՝ պետության օրակարգում հիմա բոլորովին այլ հարցեր պիտի լինեին․ - «Այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում։ Մենք ինքներս էլ նաև վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»։

Մինչև ընտրությունը ԲԴԽ անդամի երկու թեկնածուները ելույթ ունեցան և պատասխանցին պատգամավորների հարցերին։ Բայց նախ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացնող ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դարձյալ անդրադարձավ տարիքային սահմանափակումների հարցին։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էր ավելի վաղ կարծիք հայտնել, որ Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել, քանի որ դատավորների պաշոնավարման համար տարիքային սահմանափակում կա՝ 65 տարին։

Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց՝ Բարձրագույն դատական խորհրդում ընդգրկված են և՛ դատավորներ, և՛ գիտնական իրավաբաններ, և դատավորին ներկայացվող սահմանափակումները չեն տարածվում իրավաբան գիտնականների վրա․ - «Տարիքային ցենզերը, այո, գոյություն ունեն, բայց դրանք գոյություն ունեն այլ համատեսքտում և բացարձակապես կիրառելի չեն գիտնական անդամների նկատմամբ»։

Ինքը Ջհանգիրյանը, որ ավելի վաղ արդեն անդրադարձել էր այս հարցին, քննարկան ժամանակ միայն տարակուսանք հայտնեց․ - «Խիստ զարմացած եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի այդ հայտարարությունների վրա։ Որպես անձնավորություն, որպես իմ ուսանող․․․ Ես կարծում եմ, էստեղ խնդիրը այլ-այլ հարթությունների մեջ է թաքնված։ Հակառակ դեպքում, ինձ թվում էր, որ իմ էնտեղ գնալը նրանք պետք է աղ ու հացով դիմավորեին»։

Իր ելույթում Ջհանգիրյանը խոսեց դատարանների անկախությանը խոչընդոտող խնդիրներից։ Ասաց, թե 2007 թվականին ընդունված դատական օրենսգիրքը ստեղծել է այսպես կոչված դատարանների նախարարություն կամ բուրգ, որ չնչին փոփոխություններով գործում է մինչ օրս․ - «Եվ բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում»։

Այս հարցի լուծումը Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում է տեսնում՝ հենց օրենքների փոփոխություններով։ Ըստ նրա, կարելի է հասնել այն բանին, որ դատարանների կախվածությունը, այդ թվում վերին ատյաններից և ԲԴԽ-ից պակասի։

Օրենսդիրների ձեռքում է նաև մեկ այլ կարևոր առաքելություն՝ դատական համակարգը զտումը։ Ջհանգիրյանը քննադատեց գործող իշխանությունը, որ դատական համակարգը զտելու ուղղությամբ հեղափոխությունից ի վեր գործնական քայլեր չի արել, մինչդեռ Սահմանադրությունը հնարավորություն տալիս է․ - «Եվ էդ սահմանադրական հնարավորությունը, ես կարծում եմ, օրենսդիր մարմինը պետք է օգտագործի, որպեսզի մենք կարողանանք ազատվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից, և այն անձանցից, որոնք վարկաբեկել են էդ համակարգը»։

Պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, սակայն, ասաց, որ վեթինգի և դատական իշխանության անկախության հարցի լուծումը ԲԴԽ-ից են ակնկալում․ - «Մենք փորձեցինք քաղաքական ձևով լուծել դատական իշխանության վստահության բացակայության հարցը։ Չգիտեմ ինչու չստացվեց մեզ մոտ իրավական ձևերով։ Հիմա մենք գնդակը տալիս ենք ձեզ»։

Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց, թե երբ տեսանելի կլինեն առաջին արդյունքները։

«Էդ հարցով կարծես թե ես ձեզ պետք է դիմեի, Ազգային ժողովին։ Ասեի՝ ե՞րբ եք սկսում էս բարեփոխումները։ Ես օրենսդրական նախաձեռնության իրավունք չունեմ, ոչ էլ Բարձրագույն դատական խորհուրդն ունի», - արձագանքեց Ջհանգիրյանը։

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Ջհանգիրյանի ունեցվածքին, մասնավորապես մամուլում «դղյակ» որակված առանձնատանը/ որտեղի՞ց նման շքեղություն, եթե Ջհանգիրյանը տարիներ շարունակ պաշտոնա է եղել։

Ջհանգիրյանն ասաց, թե դեռ 1989 թվականին վաճառել են իրենց ունեցած սեփականությունն ու նորը կառուցել։ Իսկ երբ ինքը 1990-ին պաշտոն է ստացել Արդարադատության նախարարությունում, տունն արդեն կառուցված է եղել։

Այն, ըստ Ջհանգիրյանի, դղյակ չէ․ - «Դղյակային որևէ բան չկա։ Էնտեղ հարևանությամբ էնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»։

ԲԴԽ անդամի մյուս թեկնածու Դավիթ Խաչատուրյանից լրագրողները հարցրին, թե արդյոք ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայր լինելը ազդեցություն ունեցել է, որ իր թեկնածությունն առաջադրվի։

«Չամ կարծում, որովհետև էլի ԲԴԽ-ի առաջադրումներ եղել են։ Եթե դա պետք ա դեր խաղար, էն ժամանակ էլ կարող էին առաջադրել», - պատասխանեց նա։

Խաչատուրյանն ասում է, որ դատաիրավական համակարգում բարեփոխումների իր պատկերացումը արդյունքում «կանխատեսելի արդարադատություն ունենալն է և վստահելի դատական համակարգ ունենալն է»։

XS
SM
MD
LG