Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքն է․ ԱԳՆ-ը՝ նոր բանաձևերի մասին


Եվրոպական խորհրդարանի շենքը Ստրասբուրգում

Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել էՀայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով երեկ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։

Հայաստանն առանձնապես կարևորում է, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ասել է Նաղդալյանն՝ ընդգծելով՝ համակարծիք են Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից:

Այդ համատեքստում, ինչպես ԱԳՆ խոսնակն է նշել, հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:

Նաղդալյանն առանձնահատուկ ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ:

«Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից», - ասել է Նաղդալյանը։

Նրա փոխանցմամբ, Հայաստանը կարևորում է միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:

Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG