Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի համոզմամբ, Բայդենի ղեկավարության շրջանում ԱՄՆ-Հայաստան գործակցությունը նոր թափ կարող է ստանալ


ԱՄՆ Կոնգրես, Վաշինգտոն

Հայ-ամերիկյան հարաբերություններում հստակ բարեփոխումներ մտցնելու ժամանակն է, այսպես են մտածում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում։

Կառույցի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը կարծում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի ղեկավարության շրջանում Նահանգներ-Հայաստան գործակցությունը նոր թափ կարող է ստանալ։

Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին ու կոչ արել նրա վարչակազմին՝ աջակցել արցախա-ադրբեջանական պատերազմից հետո առաջացած առաջնահերթություններին, մասնավորապես, ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու հակամարտության ընթացքում «ԱՄՆ նախորդ վարչակազմի պասիվության ֆոնին», հանձնախումբն անհրաժեշտ է համարում «պատերազմական հանցագործությունների ու շարունակվող թշնամանքի համար պատասխանատվության ենթարկել Բաքվին ու Անկարային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

«Ժամանակն է, որ ամերիկյան կառավարությունն այս նոր վարչակազմի տակ, նոր Կոնգրեսի տակ ավելի ակտիվ ձևով մասնակցի՝ հզորացնելու Ամերիկայի և Հայաստանի հարաբերությունները, վստահեցնելու Արցախի անվտանգությունը և ըստ այդմ կառուցողական քայլեր անելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նոր վարչակազմից ակնկալում է 250 միլիոն դոլարի հրատապ մարդասիրական օգնություն՝ Հայաստանին ու Արցախին՝ հայ փախստականների վերադարձը Արցախ անվտանգ ու կայուն դարձնելու համար։

Հանձնախումբը կոչ է արել նաև կասեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունները, ինչպես նաև նոր սպառազինության արտահանումը Ադրբեջանին ու Թուրքիային։

Հայ դատի հանձնախմբի խոսնակն ասում է՝ ԱՄՆ վարչակազմը կարող է նաև գործուն աջակցություն ցուցաբերել գերիների վերադարձի հարցում։

«Բայդենի ղեկավարությունը կարող է կարևոր դեր խաղալ, թե՛ միջազգային Կարմիր խաչի գծով, թե՛ նաև ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահի միջոցով ավելի ակտիվ գործել, որ ռազմագերիները վերադարձվեն անմիջապես», - ասաց Չուլջյանը

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում քրիստոնեական եկեղեցիների պահպանության խնդրին՝ կարևորելով ԱՄՆ-ի դերն այդ հարցում։

«Վերջին ամիսների ընթացքում ինչպես Ադրբեջանի կառավարությունը կհարձակվի մեր եկեղեցիների վրա, մեր հայկական մշակութային կոթողների վրա՝ իրենց գրաված հողերում, այստեղ ևս ամերիկյան կառավարությունը կարող է կարևոր դեր խաղալ», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։

Հայ դատի հանձնախմբում ակնկալում են նաև Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչումը։

XS
SM
MD
LG