Մատչելիության հղումներ

Նավալնիի նկատմամբ դեկտեմբերի 29-ից հետախուզում է հայտարարվել


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դեկտեմբերի 29-ից գտնվում է դաշնային հետախուզման մեջ: Այդ մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական որոշումը։

Հետախուզման պատճառը, ըստ Ռուսաստանի իրավապահների, քրեակատարողական վարչության կողմից վերահսկումից չարամտորեն խուսափելն է․ Նավալնին «դադարել է ներկայանալ վարչություն, թեև պարտավոր էր պարբերաբար դա անել, քանի որ հանդիսանում է պայմանական դատապարտված»։

Ընդդիմադիր գործիչն անցած տարվա օգոստոսից գտնվում է Բեռլինում, որտեղ բուժվում էր թունավորման փորձից հետո։ Գերմանացի բժիշկների եզրակացության համաձայն, Նավալնիին փորձել էին թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։

Ընդդիմադիր գործչի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա դեմ նոր քրեական գործ է հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։

Նախօրեին Նավալնինհայտարարել է այս շաբաթավերջին Մոսկվա վերադառնալու մտադրության մասին։ Սոցիալական ցանցերում տեղադրված տեսաուղերձում Նավալնին նշել է, որ գնել է հունվարի 17-ի Բեռլին-Մոսկվա չվերթի տոմսը։

«Գերմանիա գալը իմ ընտրությունը չէր։ Սա հիանալի երկիր է, բայց ես այստեղ եմ հայտնվել ոչ իմ կամքով։ Ես այստեղ եմ հայտնվել, որովհետև ինձ փորձում էին սպանել այն մարդիկ, որոնք այժմ էլ նեղացել են, որ դա իրենց չի հաջողվել։ Այժմ էլ նրանք ինձ ազատազրկմամբ են սպառնում», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG