Մատչելիության հղումներ

«Աշխարհը կրկին հարգում է մեզ»․ Թրամփն ամփոփեց իր նախագահության չորս տարին


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Աշխարհը կրկին հարգում է մեզ»․ - անցած գիշեր հնչեցրած հրաժեշտի ելույթում իր նախագահության չորս տարիներն այսպես է ամփոփել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահական լիազորությունների ավարտից մի քանի ժամ առաջ Թրամփը Սպիտակ տանը հանդես եկավ հրաժեշտի ելույթով՝ մեկ անգամ ևս պնդելով, որ իր նախագահությանը բնորոշ են եղել մի շարք ակնառու հաջողություններ։

«Տարիներ շարունակ ամերիկացիները աղաչում էին Վաշինգտոնին՝ կոչ անելով ի վերջո ուշադրություն դարձնել պետության սահմանների անվտանգությանը։ Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ մենք չանտեսեցինք այդ խնդրանքը, և այսօր Միացյալ Նահանգներն իր պատմության մեջ ամենաանվտանգ սահմաններն ունի», - հայտարարում էր Թրամփը։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր ղեկավարության տարիներին Միացյալ Նահանգների վարկը աշխարհում զգալիորեն աճել է։

Պաշտոնից հեռացող նախագահը նաև պնդում էր, որ երկիրն իր ղեկավարության ներքո հաջողությամբ կարողացել է դիմակայել կորոնավիրուսի համաճարակին։ «Մենք մեկի փոխարեն երկու պատվաստանյութ ստեղծեցինք, այն էլ՝ շատ կարճ ժամանակահատվածում», - հայտարարում էր Թրամփը։

XS
SM
MD
LG