Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրը


ԱՄՆ Ազգային գվարդիան տեղակայվել է Կոնգրեսի համալիրի մոտ, Վաշինգտոն, 12 հունվարի, 2021թ.

Գործող նախագահը հեռանում է, ընտրյալը վաղը կմտնի Սպիտակ տուն

Վաշինգտոնը լարված սպասումի մեջ է, գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքում է ճամպրուկները և պատրաստվում է ազատել Սպիտակ տունը, մինչդեռ ընտրյալ նախագահ, դեմոկրատական Ջո Բայդենն արդեն հավաքել է ճամպրուկները և պատրաստվում է զբաղեցնել Սպիտակ տունը:

Հունվարի 20-ին տեղի կունենա ինաուգուրացիան՝ նորընտիր նախագահի և փոխնախագահի երդմնակալությունը:

Սովորաբար դա ժամեր տևող, շքերթներով, ճաշկերույթով, ճառերով ուղեկցվող հանդիսավոր միջոցառում է, հարյուր հազարավոր մարդիկ Վաշինգտոնի կենտրոնում՝ Կապիտոլիումի մոտ, հետևում են ինաուգուրացիային, ունկնդրում են նորընտիր նախագահի ուղերձը, ողջունում են նրան, երբ նա՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ, քայլում է դեպի նստավայր:

Ամերիկան մեծ գումար է ծախսում ինաուգուրացիաների համար՝ մոտ 100 միլիոն դոլար: Բայց այս տարի գումարն ավելի փոքր կլինի, տոնական սցենարը փոխվել է, նախատեսվում են համեստ միջոցառումներ, ինչը պատճառաբանվում է երկու կարևոր և չափազանց տհաճ գործոններով:

Բայդենը խնդրում է 100 օր դիմակ կրել

Միացյալ Նահանգներն աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած պետությունն է, վարակվածների թիվը մոտենում է 25 միլիոնին, մահացել է ավելի քան 400 հազար մարդ: ԱՄՆ-ում սկսվել է վակցինացիան, սակայն առկա են դժվարություններ, մի շարք նահանգներ հաղորդում են պատվաստանյութի պակասի մասին: Բայդենի առաջին ուղերձն արդեն հայտնի է, նա ամերիկացիներին կոչ է արել իր նախագահության առաջին հարյուր օրերին դիմակ կրել հանրային վայրերում:

Թրամփի թողած ժառանգությունը

Վիրուսից զատ, կա երկրորդ ցավագին գործոնը, որով ուղեկցվելու է Բայդենի նախագահության մեկնարկը: Խոսքը Թրամփի թողած ժառանգության մասին է: Թրամփը պարտադրված է ընդունել Բայդենի հաղթանակը, բայց նրան չի շնորհավորել և ինաուգուրացիային ներկա չի լինի: Թրամփը պնդում է, թե դեմոկրատները գողացել են իր հաղթանակը:

Հունվարի 6-ին, երբ Կոնգրեսը հաստատում էր Բայդենի հաղթանակը Ընտրիչների կոլեգիայի կողմից վավերացնելու որոշումը, հարյուրավոր թրամփականներ ներխուժել են Կոնգրես, տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, բախումներ, զոհվել է 5 մարդ, այդ թվում` ոստիկան:

Ու թեպետ Թրամփը հետագայում դատապարտել է հարձակումը, հենց նրան են մեղադրում անկարգություններ հրահրելու համար, և հենց այդ մեղադրանքով է նա երկրորդ անգամ ենթարկվել իմպիչմենտի:

Առաջին տիկինը հորդորում է հրաժարվել բռնությունից

Դեռևս առաջին տիկին Մելանիա Թրամփը հայրենակիցներին դիմել է ուղերձով, որով շնորհակալություն է հայտնել աջակիցներին, ասել է, թե իր համար պատիվ էր առաջին տիկնոջ դերում ծառայել Ամերիկայի ժողովրդին, ապա ավելացրել է, թե բոլոր գործերում պետք է լինել եռանդուն, սակայն հարկ է հիշել, որ բռնությունը երբևէ չի լինի ճիշտ պատասխան և երբևէ չի արդարացվի:

«11-րդ ժամի» հրամանագրերը

Թրամփը նախագահության վերջին ժամերին կստորագրի ներում շնորհելու մի քանի տասնյակ հրամանագրեր:

Դա էլ ամերիկյան քաղաքական ավանդույթ է, նախագահներին վերապահվում է ամնիստիա տալու իրավունք, որով նրանք օգտվում են «11-րդ ժամին», այդպես են անգլալեզու աշխարհում անվանում որևէ գործ, որը պետք է ավարտել ամենավերջին պահին:

Թե ովքեր կստանան ամնիստիա, հայտնի կլինի ուշ երեկոյան, ցուցակում են և ռեփի աստղ, և ֆինանսական մեքենայությունների համար մեղադրված բժիշկ, հիշատակվում է նաև երբեմնի հզոր խորհրդական Սթիվ Բանոնի անունը:

Ցուցակում կարող են լինել նաև Թրամփի ազգականները, և ինչը շատ զարմանալի է, բայց տեսականորեն չի բացառվում, հենց ինքը` Թրամփը: Այո, նախագահը կարող է իրեն և իր զավակներին ներում շնորհել, թեպետ այս պարագայում դա կլինի կանխարգելիչ կարգով, քանի որ ոչ Թրամփը և ոչ էլ նրա ազգականներն ամբաստանյալի կարգավիճակ դեռ չունեն:

Վաշինգտոնում պարեկություն են անում Ազգային գվարդիան և ուժայինները

Դե իսկ վաղն ինագուրացիայի ընթացքում տասնյակ հազարավոր ոստիկաններ, գաղտնի ծառայությունների գործակալներ, Ազգային գվարդիան, բանակը հսկողության տակ են վերցնելու մայրաքաղաքը, Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն ասել է, որ այդ մթնոլորտն, իհարկե, տհաճություն է պատճառում, սակայն դաշնային և քաղաքային իշխանություններն ամեն ինչ պետք է անեն կարգուկանոնն ապահովելու և միջադեպերը կանխելու համար:

XS
SM
MD
LG