Մատչելիության հղումներ

Հին Շենից վերադարձած կամավորականները վստահ են՝ պատերազմը դեռ չի ավարտվել


Հին Շենի կամավորականները
Հին Շենի կամավորականները

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի մարտական դիրքերում օրեր առաջ շրջափակման մեջ ընկած շիրակցիների կամավորական ջոկատը տուն է վերադարձել։

Կամավորականներն «Ազատությանը» պատմեցին, որ ադրբեջանցիների նպատակը Հին Շենն իրենց վերահսկողության տակ վերցնելն էր, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությունը նման բան չէր նախատեսում։

Կամավորականների ջոկատի 2-րդ դասակի հրամանատար Սերգեյ Սողոյանը ներկայացրեց, թե ինչպես են հայտնվել շրջափակման մեջ. - «Դիտարկման ժամանակ նկատվել է թշնամու տեղաշարժ մեր թիկունքում, հետո բացահայտվել է, որ թշնամին իրենց տարածքից մտել է մեր տարածք և տարանջատել է գյուղը դիրքերից։ Ամբողջ պատմությունը»։

Կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ Արտաշես Դրմեյանը շարունակեց՝ նշելով, որ շրջափակումից դուրս են եկել միայն երկու օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին: «Սկզբից եղել է շրջափակման մեջ՝ Հին Շեն բնակավայրի պոստերով։ Երրորդ կամ չորրորդ օրը Հին Շենի ճանապարհը բացվել է, բայց շրջափակման մեջ եղել են չորս պոստեր՝ մոտավորապես 44-45 հոգի անձնակազմով, այսինքն՝ մեկ խումբը, մեկ ջոկը՝ Արամի գլխավորությամբ, եղել է էդ չորս պոստի անձնակազմը շրջափակման մեջ»։

Սերգեյ Սողոյանը պատմում է, որ ադրբեջանցիները բավականին մեծ խմբով ու հրամանատարական կազմով հասել են իրենց դիրքեր և ասել, թե Հին Շենն իրենցն է ու գնում են իրենց գյուղ․ - «Կոնկրետ առաջարկություն է եղել անձամբ ինձ, երբ որ պոստը դրված է եղել ու հստակ ներկայացված է եղել, մոտեցել են 200 հոգի ավել՝ գեներալով, սպաներով, ու ասել են, որ «էտի մեր գյուղն է՝ Հին Շենը, ճամփա տվեք, անցնենք»։ Շատ նորմալ ռուսերեն բացատրել եմ, որ «ձեր ճամփեն չէ, էսի ձեր գյուղը չէ, էսի մեր գյուղն է»։ Բա՝ «Սովետական Միության ժամանակ գիտե՞ս անունն էդ գյուղի, որ ասում ես՝ ձեր գյուղն է»։ Ասի՝ «հա, Կիրով գյուղն է նախկին»։ Ասի՝ «եթե ձերն է, խնդրեմ, անցեք»։ Ու իրանք փորձում են՝ իմանալով հանդերձ, որ էդ հայկական տարածք է, փորձում են, փորձում են սեղմել օղակը, որտեղ հնարավոր է՝ սեղմել, մոտենալ, «ինչքան տարանք՝ մերն է» կուզեն ըսել, էլի։ Բայց փառք Աստծո, մեր տղերքը կան հլը, կանգնած են սարը։ Ես խոնարհվում եմ բոլորի առաջ, ով որ էսօր էդ սահմաններին կանգնած, ու ոչ մի սանտիմետր հողի համար, հայկական մե սանտիմետր հողի համար ոտը ետ չի դնի՝ կյանքը չխնայելով»։

Ադրբեջանական կողմը Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհին հենակետ էր տեղադրել ու փակել ելումուտը, մինչև այդ նրանք ամրացել էին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի բնակավայրերի բարձունքներում։ Մի քանի օր անց ադրբեջանցիները բացել էին ճանապարհը։

Որքանո՞վ է անվտանգ Հին Շենի հատվածում հիմա, հետաքրքրվեցինք կամավորականներից: «Եթե որևէ մեկը մտածում է, որ պատերազմը ավարտված է, պատերազմը ավարտված չէ, պատերազմը շարունակվում է։ Ու անվտանգ մենակ մեր տունը մեր կառավաթի վրեն կեղնի, որ գիտեմ, որ կողքս սաղ մերոնք են նստած, հարևանը մերն է, ոչ թե հարևանս թուրք է՝ 50 մետր էն կողմ։ Եթե որևէ մեկը հայրենիքի և հողի համար, էսօրվա զինվորի համար կցավա, պետք չէ, որ իրանց դուռը կանգնի խոսա էդ մասին․ կան հատուկ տեղեր, կան սահմաններ, կան դիրքեր, կան տղաներ՝ խնդրեմ, ովքեր խոսում են էդ ձև, թող ներկայանան ընդեղ, ու մեծ հաճույքով նմանատիպ համայնքներում, ինչպես Հին Շեն համայնքն է, կընդունեն, կտեղավորեն, պոստերն էլ կկանգնեն, կելնեն, կիջնեն, կիմանան էն ժամանակ՝ կա՞ վտանգ, թե՞ չկա», - հարցին արձագանքեց Սողոյանը։

Ի դեպ, կամավորականները վրդովված էին, որ իրենց ջոկատին փորձել են պիտակավորել, թե պատերազմն ավարտվել է, դրանից հետո են գնացել՝ լուսանկարվելու: «Ովքեր խոսում են, որ պատերազմն ավարտված է, գնացել են տղերքը անուն հանելու համար՝ մեր գեղի լեզվով ասած, թող հմի հելնին, մի հատ կամավորական գունդ, ջոկատ, վաշտ հավաքեն ու էրթան կոնկրետ, տեղը կըսեմ՝ Հին Շեն էրթան թող, Մեծ Շեն էրթան թող, էրթան թող էդ սարերը, ու էրթան թուրքի դեմ, էդ էրէխեքին փոխեն, թող տուն գան էդ 18 տարեկանները», - հայտարարեց Սերգեյ Սողոյանը։

Արտաշես Դրմեյանը նաև հերքեց շրջանառվող լուրերը, թե իրենց կամավորներից ոմանք գերեվարվել են․ - «Մենք գերիներ չենք ունեցել, մենք էկել ենք նույն կազմով, որ կազմով որ մեկնել ենք մենք մեր խնդիրը կատարելու, մենք մեր խնդիրը կատարել ենք՝ մեր վաշտի հրամանատարի գլխավորությամբ՝ եղել է Հակոբյան Արթուրը, էղել է մայոր Սարգսյան Գարիկը, բոլորը սաղ-սալամաթ էկել են տուն»։

Օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում Հին Շեն գյուղի հարցին էր անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա փոխանցմամբ՝ խնդիրն առաջացել էր, քանի որ գյուղը մտնում է Լաչինի միջանցքի տարածքի մեջ, որտեղ, ըստ ձեռք բերված համաձայնության, ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի զինվորականներ չպետք է լինեն, և վերահսկողություն պիտի իրականացնեն միայն ռուս խաղաղապահները։

Կամավորականները վստահ են՝ պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի իշխանությունները պետք է ճիշտ որոշումներ կայացնեն՝ բանակը զերծ պահելով քաղաքականությունից․ - «Եթե քաղաքականությունը մտնում է բանակ, բանակը քայքայվում է, հնարավոր չէ։ Ես խնդում եմ՝ բանակին հանգիստ թողեն, բանակը թող կատարի իրա գործը»։

XS
SM
MD
LG