Մատչելիության հղումներ

Հին Շենի գյուղապետի խոսքով, Բերդաձորի ենթաշրջանի երեք գյուղերը հայտնվել են ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ


Հին Շեն գյուղը
Հին Շեն գյուղը

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը երեկ կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ։ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը տեղեկացրեց, որ գյուղում կին, երեխա, տղամարդիկ կան, և նրանք գյուղից դուրս գալ չեն կարող։

«Արհամարհելով մեր համայնքային սահմանն էլ, մեր Ղարաբաղի սահմանն էլ՝ ճանապարհը փակել են, ոչ էս կողմ, ոչ էն կողմ։ Երկու համայնքի մեջտեղի ճանապարհը փակած ա», - «Ազատությանը» փոխանցեց Սարգսյանը։

Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, հայկական են հարյուրամյակներով և եռակողմ հայտարարությամբ էլ մնում են հայկական վերահսկողության տակ։ Վերջին երկու օրերին սակայն ադրբեջանական զինուժն ամրանում է Հին Շենի ու Մեծ Շենի բարձունքներում։

Համայնքապետ Սարգսյանն ասում է, որ շրջափակման ռիսկի տակ են Բերդաձորի նաև մյուս գյուղերը․ - «Մենակ մեր գյուղը չի շրջափակման մեջ։ Բերդաձորի ենթաշրջանի երեք գյուղերն էլ գտնվում են շրջափակման մեջ»։

Ադրբեջանական զինուժն այս պահին փակ է պահում Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը իր հերթին հաստատեց, որ ադրբեջանական զինուժը դրոշներով շարվել է հայկական ճանապարհի վրա․ - «Մեր գյուղից դեպի Հին Շենի տարածք։ Ու մե՜ծ զորք ա մտել հիմա։ Սենց դրոշակներ շարելով, որ յանիմ իրանցն ա»։

Այսօր շրջափակման մեջ հայտնված Հին Շենն ավելի քան 160 բնակիչ ունի։ Մեծ Շենում 114 բնակիչ էր ապրում․ այս գյուղում ով էլ կար, երեկ հեռացել է։ Գյուղապետ Դավթյանն ասում է՝ խուճապի մեջ․ - «Մարդիկ չեն իմացել։ Միանգամից եկել են, ճամփեն փակել․․․ Մարդիկ չեն իմացել, որովհետև էս տարածքը երբեք թուրքինը չի եղել, միշտ էլ հայկական ա եղել։ Սահմանն էլ որ գծել են, էլի մնացել ա հայերինը»։

Համայնքապետերը ռուս խաղաղապահներին հրավիրել են, բանակցում են ադրբեջանական կողմի հետ։ Առայժմ, Դավթյանի փոխանցմամբ, առանց հաջողության․ - «Ռուսներին մենք ենք կանչում։ Գալիս են, միասին գնում ենք բանակցելու, բայց ոչ մի հաջողության դեռ չենք հասել»։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը շեշտում է, որ Բերդաձորի բարձունքներում եթե ադրբեջանցիներն ամրանան, այդ բնակավայրերում ապրող չի մնա․ - «Սրանք այնքան են, շատ ներողություն՝ հաբռգել, որ եկել են հիմա հին հայկական գյուղերում՝ Հին Շեն, Մեծ Շեն․․․ ու արդեն չգիտեմ Եղցահողի ճակատագիրը ոնց կլինի, Լիսագորը ոնց կլինի․․․ այս սենց լկտիությունն ա իրենց, հերթական լկտիությունն ա։ Առիթավորված, ոգևորված՝ ուզում են ինչի կարողանան տիրանան։ Չգիտեմ հետագայում ոնց պիտի որոշվի էս հայկական գյուղերի ճակատագիրը»։

Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հարությունյանն ասում է, որ պատերազմի ժամանակ այս գյուղերում հանգիստ է եղել, վերջերս Հին Շենը նույնիսկ նոր բնակիչներով է համալրվել․ - «Խաղաղ բնակչություն գյուղում կա, ապրում են։ Նույնիսկ ընտանիք ա եղել, որ մոտ երկու շաբաթ առաջ ա ցանկություն հայտնել, Երևանից իրա ամբողջ գույքով տեղափոխվել ա Հին Շեն նորից»։

Հին ու Մեծ Շեների համայնքապետերն անորոշության մեջ են. խաղաղ բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ։ Գյուղերում մի քանի տասնյակ հայ կամավորականներ են 500 հոգանոց ադրբեջանական խմբավորումների դիմաց։

XS
SM
MD
LG