Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին Շենի բնակչության համար, նշում է Արցախի ՄԻՊ-ը


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այսօր այցելել է Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր` տեղում հասկանալու համար իրավիճակն ու քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները:

«Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին Շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով», - գրում է Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ նրա` ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել, սակայն շեշտում է` ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:

«Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ», - իր գրառման մեջ հավելել է օմբուդսմենը:

Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, հայկական են հարյուրամյակներով և եռակողմ հայտարարությամբ էլ մնում են հայկական վերահսկողության տակ, սակայն վերջին երկու օրերին ադրբեջանական զինուժն ամրանում է Հին Շենի ու Մեծ Շենի բարձունքներում։

XS
SM
MD
LG