Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ վարքագիծը»․ Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

«Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ վարքագիծը», - իր ծավալուն տեսաուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով, որ մինչ Շուշիի Հին Շեն գյուղի մերձակայքից ադրբեջանցիներին կարողացել են դուրս մղել, Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայող գերեվարվել է։

«Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», - ասել է նա։

Երեկվանից ադրբեջանական սոցկայքերի խմբերում տարածվում են տարբեր տեսանյութեր, որտեղ տեսանելի է, որ հայկական զինվորական համազգեստով ծառայողներ գերեվարված են, ընդ որում տարածքը ձնապատ է, իսկ ադրբեջանցի զինվորականները սպիտակ համազգեստով են։

Կան նաև այնպիսի տեսանյութեր, որտեղ նկատելի է ակտիվ փոխհրաձգություն։

Արցախի նախագահի կարծիքով, ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և ձևավորված շփման գծի խախտումները անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ․ - «Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ևս նշել է, որ Արցախի նոր սահմաններին վերջին օրերին նկատվող լարվածությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է արժեզրկել խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Առնվազն երեկվա դրությամբ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը չէր ստորագրել խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը։

Այսօր հադրութի շրջանից հայկական մնացած երկու գյուղերի տարածքում իրավիճակը բավականին լարված է, անգամ ռուս խաղաղապահներ են մնացել շրջափակման մեջ, ասել է Փաշինյանը․ - «Հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում էդ խնդիրները ունեն նաև ռուս խաղաղապահները, և էնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք։ Առաջին օրը տեղի են ունեցել մարտական գործողություններ, և Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, այսինքը՝ դիմակայել են հարձակմանը, և մարտը դադարել է այն պահից, երբ որ ռուս խաղաղապահները հասել են դեպքի վայր։ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ որ էդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաև խաղաղապահներ՝ սրանից բխող հետևանքներով։ Եվ ուրեմն, իրադրությունը առաջին հերթին պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական շփման ճանապարհով, հայտարարության դրույթները իրագործելու տրամաբանությամբ»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրապարակած նախնական տեղեկություներով, Խծաբերդիի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, որն էլ հավանաբար երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:

«Արցախի ու Հայաստանի բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ», - գրել է Բեգլարյանը։

Խծաբերդի տարածքում մարտական գործողությունների մասնակից, Շիրակի մարզից Նարեկ Բաղդասարյանը այնտեղից հեռացել է դեկտեմբերի 14-ին։ Նա որոշ մանրամասներ է փոխանցում տեղի ունեցածից․ ըստ նրա, այժմ գերի ընկած խումբը պետք է գար հասներ Խծաբերդում գտնվող իրենց փոքրաթիվ խմբին․ - «Էկան, ըսեցին, որ զորք է կուտակվել սահմանին։ Մոտավորապես հազարից ավել են՝ 1000-1200-ի չափով են։ Մենք էլ կոնկրետ էդ գյուղի մեջը, Խծաբերդի մեջ էղել ենք 11 հոգի, մնացածը էղել են Հոկտեմբերյանի մյուս զորքերից։ Էկել են 11 հոգուս կըսեն թե 200 հոգի մոտեցել են սահմանին, գնացեք մարտական գործողությունը ըրեցեք․․․ 11 հողում 200-ի դեմ ի՞նչ մարտական գործողություն»։

Խծաբերդի գյուղապետ Ալեքսանդր Ավանեսյանը հաղորդեց, որ տարածքում քաղաքացիական բնակչություն չկա։

XS
SM
MD
LG