Մատչելիության հղումներ

Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել


Լեռնային Ղարաբաղ, արխիվ

Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ, այս մասին տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը: Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն ասաց՝ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքով 8 հոգի է վիրավորվել,10 հոգու գերեվարվածության վերաբերյալ տվյալներ ունեն. «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»:

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հայկական Հին Թաղեր էին մտել շաբաթ օրը. «Եկել էին մեր գյուղից մի կիլոմետր ներքև բլուրների վրա` մեր գյուղից ձախ ու աջ թևերում, ձորի մեջ ա էլի գյուղը, մեր տղերքն էին կանգնած, գյուղի մեջ էլ էլի տղերքը նստած: Իրենք էլ ձորով եկել, ձորի միջով եկել, մտել էն գյուղի մեջը, սկսել բոյ տալ տղերքի հետ»:

Խծաբերդում այժմ ադրբեջանցիներ չկան, բայց նրանք հայկական դիրքերում են, տեղեկացրեց Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանը. «Գյուղից դուրս են եկել, բայց տարածքում են էլի, բանակցություններ են գնում»:

Խծաբերդն ու Հին Թաղերը պատերազմի օրերին հայաթափվել էին, Հադրութի շրջանի բոլոր համայնքները այս երկու բացառությամբ անցել են Ադրբեջանին: 200 բնակիչ ունեցող գյուղերում կյանքն այլևս ապահով չէր։ Այժմ երկու համայնքներում էլ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ:

Վարչապետ Փաշինյանը Հադրութի երկու հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհը համարում է ռազմական իրադրության ամենալուրջ սրումը եռակողմ հայտարարությունից հետո։ Նա վստահ է, որ այս ամենն ադրբեջանական սադրանք է, որն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. «Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»:

Ադրբեջանցիներն օգտվել էին փաստից, որ խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել Խծաբերդի, Հին Թաղերի հատվածում: Ինչու չէին տեղակայվել մինչև շաբաթ օրը, ըստ Փաշինյանի` քննարկման առարկա է: Խաղաղապահ ուժերը այդ երկու գյուղեր են մտել ադրբեջանական գրոհից հետո. «Ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ-Թաղավարդ գյուղերի այդ շրջակա և հարող տարածքը»:

Ըստ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահները պետք է ապահովեն, որ այդ տարածքները մնան հայկական վերահսկողության ներքո։ Թե՛ Խծաբերդն ու թե՛ Հին Թաղերը պատերազմի 44 օրերի ընթացքում մնացել էին անառիկ, և եռակողմ հայտարարությամբ էլ դրանք մնում են հայկական կողմին։

Հին Թաղերի համայնքապետն այժմ Հայաստանում է, ասաց՝ հիվանդության պատճառով է եկել պատերազմից հետո ու հիմա մի հարց ունի՝ ե՞րբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները շաբաթ օրը Հին Թաղեր մտան, որտե՞ղ էր կանոնավոր բանակը. «Ո՞ւր է մեր բանակը, էն 30 հազարը, որ փրկել են իբր, Ղարաբաղը հանձնել են, փրկել, էտ 30 հազարից չկան գոնե մի 50-100 հոգի, գնային, փոխարինեին մեր տղերքին, բանակը կանգներ, տիրություն անող լիներ»:

XS
SM
MD
LG