Մատչելիության հղումներ

«Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը» կոչերով հավաք ԱԳՆ-ի դիմաց` համանախագահների այցին զուգահեռ


«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց, որտեղ այդ պահին գտնվում էին Մինսկի խմբի համանախագահները։ «Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը» կոչերով հավաքի մասնակիցները պնդում էին, որ պետք է մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափին։

«Սասնա ծռերի» և մի շարք այլ գործիչների կողմից ստեղծված «Ազգային-ժողովրդավարական բևեռի» անունից ԱԳՆ շենքի դիմաց հայտարարությամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանը. «Հայաստանի և հատկապես արցախաբնակ հայության ճակատագիրը չի կարող մնալ ագրեսիվ պատերազմի ու ցեղասպանական ակտերի միջոցով տարածաշրջանը վերաձևելու ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի ու Թուրքիայի` տարածաշրջան բերված հազարավոր ահաբեկիչների, ինչպես նաև Ադրբեջանին ու Թուրքիային աջակցող Ռուսաստանի հույսին»:

Հայտարարության հաջորդ կետի համաձայն` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը պետք է որակվի ընդամենը հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները առ ոչինչ ճանաչվեն. «Մասնավորապես Հայաստանի Հանրապետությանը դրանով չեն կարող պարտադրվել ինքնիշխանության, տարածքի և սահմանների հետ կապված պայմաններ»:

Այս հայտարարության հաջորդ կետերում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին գրաված տարածքներից, և որ Արցախում ու այդ տարածքներում պետք է տեղակայվեն հակամարտության ելքով չշահագրգռված պետություններ ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժեր. «Ազգային շահի դեմ և ժողովրդից գաղտնի կապիտուլյացիոն ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերած պայմանավորվածություններն ի սկզբանե առ ոչինչ են»:

«Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդգծում է՝ պետք չէ լինել աշխարհաքաղաքական այս կամ այն բևեռի ծառան, ասում է՝ անհրաժեշտ է սովորել տեր լինել սեփական շահերին. «Սա է այսօրվա գլխավոր գրավականը: Ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել, ովքեր պիտի ապագա Հայաստանում կառավարեն մեր երկիրը, պիտի առաջնորդվեն հետևյալ սկզբունքով` միայն ու միայն մեր շահերի. այն պետությունը, որը հակադրվում է մեր շահերին, մենք համապատասխան կեցվածք պետք է դրսևորենք»:

Սեֆիլյանի խոսքով` ժողովուրդն իրավունք ունի իրերն իրենց անունով կոչել, ուստի Կրեմլի հասցեին հնչող սուր քննադատությունները պետք է հանգիստ տանել. «Այստեղ ոչ մի հակառուսություն չկա, ուստի այս 30 տարիների կորցրած մեր ժամանակը` ինքնիշխան Հայաստան ստեղծելու, ցավոք, դա մեզ հաջողվելու է այսքան զոհողություններից, այսպիսի մեծ, անդառնալի կորուստներից հետո միայն»:

Եվրոպական կուսակցությունը ներկայացնող Տիգրան Խզմալյանի գնահատմամբ` աշխարհը Հայաստանին առաջարկում է քաղաքակրթական ընտրություն կատարել՝ լինել Եվրոպայի մաս. «Կա՛մ մենք Եվրոպայի մաս ենք, կա՛մ մենք ազատ աշխարհի մաս ենք, և մենք պաշտպանված ենք, մենք զարգանալու ենք, մենք խաղաղություն ենք ունենալու»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վարչապետի հրաժարականը պահանջող այլ ընդդիմադիրների «եղածն արդեն եղած է» թեզն անընդունելի է որակում. «Պուտինն ասել է` դա ինքնասպանություն կլինի, այսինքն` ես քեզ սպանում եմ, բայց եթե այդ սպանությանը դեմ ես, տես հա` դու ինքնասպանություն ես գործում: Էս ապուշ տրամաբանությանը ենթարկվածները մոլորեցնում են նաև ուրիշներին և չեն կարողանում հասկանալ` ինչի՞ հաջողության չենք հասնում, իհարկե, չենք հասնի, որովհետև ճշմարտության հետ չի»:

Հայրիկյանի պնդմամբ՝ Ռուսաստանից կառչած մնալով` Հայաստանը դեմ է դուրս գալու քաղաքակիրթ աշխարհին։

XS
SM
MD
LG