Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն հայտարարել է իր 4 զոհի մասին


Ադրբեջանցի զինծառայող, արխիվ
Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:

Ըստ այդմ` Հադրութից հյուսիս-արևմուտք ընկած անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքի, դիվերսիա են իրականացրել։ Ադրբեջանական կողմն այնուհետև նշում է, որ Ադրբեջանի ՊՆ երեք զինծառայողները զոհվել են նոյեմբերի 26-ին Սուր գյուղի տարածքում «հարձակման արդյունքում», երկուսը` վիրավորվել, իսկ մեկ այլ զինծառայող զոհվել է դեկտեմբերի 8-ին Հադրութ գյուղի մոտ:

Հիշեցնենք, որ հայկական կողմը ևս հաղորդում է մարտական գործողությունների մասին` նշելով` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ըստ ՊՆ-ի` ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդը` զոհեր և վիրավորներ։

XS
SM
MD
LG