Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը դատապարտել է Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած հայտարարությունները


Իրանի խորհրդարանը, արխիվ

«Իրանի ադրբեջանցիները վերահաստատում են իրենց սերն ու հավատարմությունը հայրենիքին, Իսլամական հեղափոխությանն ու անձամբ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հանդեպ»: Պաշտոնական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` սա մեկն է այն ձևակերպումներից, որ տեղ է գտել երեկ Իրանի խորհրդարանի կողմից ընդունված հատուկ բանաձևում, որով 220-ից ավելի իրանցի պատգամավորներ կոշտ քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ հնչեցրած հայտնի ելույթը։

Այդ ելույթում Էրդողանը մի հատված էր արտասանել ադրբեջանցի պոետ Բահթիար Վահաբզադեյի բանաստեղծությունից, որում խոսվում էր Արաքսով տարանջատված ադրբեջանաբնակ հողերի մասին։

Էրդողանի այս քայլը Թեհրանում ընկալեցին որպես Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված անթաքույց սպառնալիք։ Զորահանդեսից հաշված ժամեր անց իրեն ոչ այնքան բնորոշ կոշտ ձևակերպումներով Twitter-ում արտահայտվեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Հաջորդ օրը Իրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվեց երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան ուղղակի տեքստով բացատրեցին, որ Էրդողանի հայտարարություններն անընդունելի են։

«Տարածքային պահանջների, ինչպես նաև ռազմատենչ և ընդարձակմանը միտված կայսրությունների դարաշրջանն անցյալում է», - մեկնաբանելով Թուրքիայի դեսպանի ԱԳՆ հրավերի փաստը` նշել էր Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն։

Նույն օրը Թուրքիայի արտգործնախարարություն հրավիրվեց Անկարայում Իրանի դեսպանը։ Պատճառը, թուրքական կողմի ձևակերպմամբ, հետևյալն էր. «Պաշտոնական Թեհրանի՝ նախագահ Էրդողանին հասցեագրված անհարկի մեղադրանքներն էին»։

Շաբաթ առավոտյան արդեն երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունը այն աստիճանի հասավ, որ ծագած ճգնաժամի հաղթահարման գործին ձեռնամուխ եղան Իրանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում նրա թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուն ստիպված էր արդարանալ՝ նշելով, թե Էրդողանը, Վահաբզադեյի պոեմը ցիտելով, տեղյակ չի եղել, որ այն Արաքսից հարավ գտնվող ադրբեջանաբնակ տարածքների մասին է։

«Հեռախոսազրույցի ընթացքում թուրք բարձրաստիճան դիվանագետը բացատրեց, որ նախագահ Էրդողանը տեղյակ չի եղել, թե որքան զգայուն են եղել այն տողերը, որոնք ինքը մեջբերել է Բաքվում։ Թուրքիայի նախագահը վստահ էր, որ այդ բանաստեղծությունը առնչվում է բացառապես Լաչինին և Ղարաբաղին», - Իրանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` պնդել է Չավուշօղլուն։

Դժվար է ասել` որքանով էին իրանական կողմին գոհացրել այս բացատրությունները, քանի որ նախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց արդեն Էրդողանի հայտարությունները Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի քննարկման առարկա դարձան։

Իրանական աղբյուրների պնդմամբ` երկրի ադրբեջանաբնակ նահանգներից ընտրված պատգամավորները և երկրի մյուս շրջանները ներկայացնող մյուս օրենսդիրները կիրակի օրը ընդունված բանաձևով խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի կողմից «պառակտիչ գրականությունից օգտվելու փաստը»։

«Էրդողանի խոսքերը իրանցիներին են հիշեցրել Իրանի կարևորագույն հատվածի բռնի անջատման տխուր ողբերգությունը», - հայտարարել են իրանցի պատգամավորները՝ պնդելով, որ Վահաբզադեյի բանաստեղծությունը ոչ թե Ադրբեջանից անջատված և Իրանի տիրապետության տակ գտնվող տարածքների մասին է, այլ հակառակը։

«Պոետն ու ընթերցողները իրանցիներ են, որոնք սգում են բաժանումը սիրելի եղբորից, որ գտնվում է նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունում», - նշված է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։

Այսպիսով իրանցի խորհրդարանականները գրեթե բաց տեքստով հիշեցրել են, որ մինչև 19-րդ դարի սկիզբը` մինչև Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումը, ներկայիս Ադրբեջանի տարածքը ամբողջությամբ ընդգրկած էր Պարսկաստանի կազմում՝ մի շարք առանձին խանությունների տեսքով։

XS
SM
MD
LG