Մատչելիության հղումներ

Հայաստանում արձագանքում են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների Բաքվում հնչեցրած հայտարարություններին


Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արձագանքում են երեկ Բաքվում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հայտարարություններին՝ նշելով, որ համագործակցության որևէ առաջարկի պարագայում Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով, միաժամանակ դատապարտելով Ալիևի խոսքերը, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Երեկ Բաքվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշել էր, թե Անկարան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղության համար դրական քայլեր ձեռնարկի։ Էրդողանը հավելել էր, որ Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային վեց երկրներից՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Վրաստանից ու, պաշտոնական Երևանի ցանկության դեպքում, Հայաստանից բաղկացած պլատֆորմի ստեղծման գաղափարը։

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլական նախագահ Բաբկեն Թունյանին լրագրողները խնդրեցին ներկայացնել իշխանության տեսակետը Էրդողանի առաջարկի վերաբերյալ։

Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան

«Եթե ավելի ընդհանուր նայենք պլատֆորմներին մասնակցության առումով, ես ընդամենը հիշեցնեմ, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է, օրինակ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, որի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը ես եմ։ Այսինքը, եթե գլոբալ վերցնենք, Հայաստանը պետք է սեփական շահերն առաջնորդի։ Եվ եթե էդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակցի, պետք է մասնակցի։ Եթե չէ՝ չէ», - ասաց Թունյանը։

Հայաստանի բնակավայրերի, շրջանների վերաբերյալ Իլհամ Աիևի խոսքերի առնչությամբ երեկ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ «Արմենպրեսին» փոխանցելով, թե Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը ու անվտանգությունը, ինչպես նաև հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին:

Մանե Գևորգյան
Մանե Գևորգյան

«Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ», - նշել էր Գևորգյանը:

Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման փորձ արվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։ Անկարան, սակայն, հրաժարվեց վավերացնել փաստաթղթղերը խորհրդարանում՝ այն պայմանավորելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ: Փաստորեն, ի պատասխան՝ Հայաստանի նախագահի 2010 թվականի ապրիլի 22-ի հրամանագրով արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց: 2015 թվականի փետրվարի 16-ին, դարձյալ Սերժ Սարգսյանի հրամանագրով, արձանագրությունները հետ են կանչվեցին Ազգային ժողովից, իսկ 2018-ի մարտի 1-ի հրամանագրով էլ դադարեցվեց արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Արման Աբովյան
Արման Աբովյան

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր քննադատեց իշխանություններին, որոնք, ըստ պատգամավորի, մտորում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, այնինչ այդ երկրները տարածքային նկրտումներ ունեն Հայաստանի նկատամամբ․ - «Երբ որ հայտարարվում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, առհասարակ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը թուրքական տարածք, և այդ ֆոնի վրա ասում են՝ դե գիտեք, գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Սա արդեն աննորմալության կանխավարկած է գալիս։ Կամ չեն հասկանում, կամ հրաժարվում են հասկանալ, միտումնավոր ինչ-որ քայլեր են անում։ Ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ դու կարաս հաստատես մի պետության հետ, որը բացահայտ տարածքային պրետենզիաներ ա անում քո տարածքի վրա, քո մայրաքաղաքի վրա»։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր նշեց, թե Էրդողանը հակասող հայտարարություններ է անում․ մի կողմից խոսում է համագործակցության մասին, մյուս կողմից՝ շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և Բաքվում հատուկ հնչեցնում է ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրքի՝ Էնվեր փաշայի անունը․ - «Դա նշանակում ա, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից։ Հետևաբար անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ։ Երկրորդը, նույն Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Թուրքիայի և Ադրբեջանի լիդերների հայտարարությունները ըստ էության նրա մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»։

XS
SM
MD
LG