Մատչելիության հղումներ

Ռուսական «Սպուտնիկով» պատվաստված Արսեն Թորոսյանը «իրեն լավ է զգում»


Ռուսաստանյան արտադրության պատվաստանյութը

Առողջապահության նախարարն իրեն լավ է զգում օրերս կովիդ 19-ի դեմ պատվաստվելուց հետո, «Ազատությանը» փոխանցեց Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Դեռևս վերջնական փորձարկում չանցած ռուսական արտադրության պատվաստանութի մոտ մեկ տասնյակ դեղաչափը հայ գործընկերոջը նվիրել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։

«Նախարարի տեղակալն էլ է պատվաստել, Արտյոմ Սմբատյանը։ Նախարարի դեպքում, երբ որ պատվաստվել է փոքր առաջին օրը թուլություն է եղել, ինչը բնորոշ է, առհասարակ պատվաստանյութերից հետո թուլությունը նորմալ ա։ Եվ հիմա էս պահին լավ է զգում, սպասում է, որ ժամկետը լրանա ու հաջորդ դոզան ստանա, որովհետև ռուսական պատվաստանյութը երկու դոզայով է», - մանրամասնեց Նիկողոսյանը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ այսկերպ Ռուսաստանը փորձում է իր պատվաստանյութը իրացնել Հայաստանում։ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ Հայաստանը պետական բյուջեի հաշվին պատվաստանյութ է գնելու միջազգային ոլորտում ձևավորված, ավելի քան 150 երկիր միավորող Covax facility նախաձեռնության շրջանակում, արդեն պայմանագիր կա այդ նախաձեռնության հետ։

Եվ հենց Covax facility-ն է բանակցություններ վարում արտադրողների հետ։ Եվ երբ այս ցանցում լինի որևէ պատվաստանյութ, Հայաստանն այն կգնի ավելի մատչելի գնով, քան դրանք կվաճառվեն շուկայում, պարզաբանեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը․ - «Օրինակ, առաջին պատվաստանյութը, որ Covax facility-ի միջոցով երկրներին հասանելի կլինի, դա այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ, AstraZeneca-ն է անգլիական։ Արդեն նախատեսվում է, որ արտադրողը անմիջապես փետրվար-մարտ ամիսներին կտա արդեն Covax facility-ին»։

Արդեն հայտնի է, որ Հայաստանը դիմել է Covax facility-ին բնակչության 10 տոկոսի չափով ձեռք բերելու համար, 300 հազար բնակչի հաշվով կգնվի 600 հազար դոզա պատվաստանյութ։ Այն անվճար կտրվի բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդներին, տարեցներին, փակ հաստատությունների սպասարկող անձնակազմին, սոցիալական աշխատողներին։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը պատմեց, որ նախարարի պատվաստվելուց հետո այսօր առավոտյան զանգեր են ստանում պատվաստվելու ցանկություն հայտնող քաղաքացիներից։

Սահակյանի խոսքով, ռուսական արտադրության պատվաստանյութը դեռևս վերջնական գրանցում չի ստացել․ - «Բոլոր դեպքերում այն բոլոր չափանիշները՝ անվտանգությունը, արդյունավետությունը, դրանք առաջին, երկրորդ փուլի ընթացքում ևս դիտարկվում են։ Իսկ երրորդ փուլի նախնական տվյալներով, դրանք բավարար են կիրառելու համար»։

Սահակյանի խոսքով, փետրվարին արդեն նաև Հայաստանը հնարավորություն կունենա պետական բյուջեի հաշվին Covax facility-ի միջոցով ստանալ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Պետական բյուջեից կծախսվի 6 միլիոն դոլար․ - «Անկախ «Կովաքսից», մենք ինքներս էլ ենք բանակցում։ Բոլոր դեպքերում հնարավոր է նաև ավելի շուտ փոքր քանակություններ ձեռք բերել մինչև «Կովաքսի» բուն քանակության գալը։ Մեր ռիսկի խմբերի համար»։

Օրերս Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինը պաշտոնապես հավանություն տվեց COVID-19-ի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութի լայնատարած կիրառմանը։

Այս պատվաստանյութը գերմանական և ամերիկյան համատեղ արտադրանք է։ Գայանե Սահակյանն ասում է՝ այն միակն է, որ անցել է կլինիկական փորձարկման երեք փուլերը։ Առայժմ սակայն ամերիկագերմանական պատվաստանյութը Covax facility-ում չկա, ասում է Սահակյանը և շեշտում՝ կարող են ուղիղ դիմել հենց արտադրողին, բայց այդ դեպքում պատվաստանյութը կգնեն շուկայական գնով։ Հայաստանն այժմ բանակցում է բոլոր արտադրողների հետ։

«Հիմնական մեր նպատակը մատչելի գնով ձեռք բերելն է։ Որ անկեղծ լինեմ, ցանկացած արտադրողին էլ այս պահին կարող ենք մենք դիմել և ստանալ։ Բայց գինը բավականին բարձր կլինի։ Իսկ արդյո՞ք դա մեր գրպանին մատչելի կլինի։ Իհարկե ոչ։ Այդ է պատճառը, որ այս պահի դրությամբ մեր հույսը հիմնականում դրել ենք Covax facility-ի վրա», - ասաց նա։

Բժիշկն ընդգծում է՝ կլինեն մարդիկ, որոնք կհրաժարվեն պատվաստանյութից, ինչը նրանց իրավունքն է։ Հենց պատվաստանյութի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով էլ 300.000 մարդու հաշվով են գնելու։

Ինչ վերաբերում է ամերիկյան և գերմանական համատեղ պատվաստանյութը հայաստանյան շուկա բերելու հարցին, Սահակյանն ասաց՝ այսօր է խոսել Pfizer-ի հայաստանյան ներկայացուցչության հետ․ - «Արդյոք իրենք ունե՞ն պլաններ հայաստանյան շուկայում տեղեկատվությունը տարածեն, աջակցեն մեր մասնավոր կոմպանիաներին, որպեսզի ձեռք բերվի և յուրաքանչյուրին դա հասանելի լինի։ Ինձ հավաստիացվել է, որ այդ աշխատանքները տարվում են»։

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է իրազեկման ակցիաներ կազմակերպել պատվաստանյութերի կարևորության մասին։

Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսից Հայաստանում մարտ ամսից ի վեր 2277 մարդ է մահացել, վարակվել է մոտ 140 հազար մարդ։

XS
SM
MD
LG