Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան դարձավ COVID-19-ի դեմ BioNTech-ի և Pfizer-ի պատվաստանյութը գրանցած առաջին պետությունը


Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես հավանություն տվեց COVID-19-ի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութը՝ լայնատարած կիրառման համար։

Պատվաստման գործընթացը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ՝ նախապատվությունը առաջին հերթին կտրվի տարեցներին, բուժաշխատողներին։

«Օգնությունն արդեն ճանապարհին է», - այսօր Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը։

Մեծ Բրիտանիան Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է։ Մոտ 67 միլիոն բնակչություն ունեցող այդ երկրում վարակվել է ավելի քան 1 միլիոն 600 հազար մարդ, մահացել՝ շուրջ 60 հազարը:

Նախարար Հենքոքը վստահ է, որ պատվաստման գործընթացը առաջիկա օրերին սկսելու դեպքում արդեն գարնանը՝ Զատիկից հետո կյանքը կսկսի բարելավվել, իսկ հաջորդ ամառը բրիտանացիները կկարողանան վայելել։

Բրիտանական կառավարությունը առաջին փուլի համար պատվիրել է 40 միլիոն չափաբաժին՝ 20 միլիոն մարդու համար, ինչը թագավորության բնակչության մեկ երրորդն է կազմում։ Լոնդոնի բնակիչները, սակայն, զգուշավոր լավատեսությամբ են արձագանքում այս լուրերին

«Ես դեռ չեմ շտապում ուրախանալ։ Հասկանալի է, որ այդ գործը կարևոր է, բայց սովորաբար բոլոր դեղամիջոցները փորձարկվում են տարիներով և հետո միայն առաջարկվում մարդկանց։ Այդ պատճառով ես դեռ վստահ չեմ։ Իհարկե, դա շատ լավ լուր է նրանց համար, ովքեր ռիսկային գոտում են, բայց ինձ համար դա դեռ ոչինչ չի փոխում», - ասել է Լոնդոնի բնակիչ Փոլ Ֆարելը։

Մեկ այլ բնակիչ էլ՝ Փոլ Մաննը նշել է. «Մեզ, բնականաբար, պետք է պատվաստանյութ։ Ես հասկանում են այն մարդկանց մտահոգությունները, ովքեր ասում են, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, բայց չէ՞ որ փորձարկումներ, այդուհանդերձ, իրականացվել են։ Սա ուղղակի թունելի վերջում լույս է։ Բնականաբար, կսպասենք դեղամիջոցի արդյունքների հավանությանը, իսկ դրանից հետո ես կլինեմ առաջին հերթ կանգնողներից»։

Դեղագործական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ ամերիկյան Pfizer-ի և գերմանական BioNTech-ի համատեղ արտադրված կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի հետ տասնյակ երկրներում են մեծ հույսեր կապում։ Պատվաստանյութը գնելու պատրաստակամություն են հայտնել նաև այլ երկրներ` Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Եվրամիության երկրները։

Աննախադեպ բարձր՝ 95 տոկոս արդյունավետություն ցուցաբերած այդ դեղամիջոցը, ըստ մասնագետների, կարող է բեկումնային լինել կորոնավիրուսի դեմ պայքարում, որն արդեն շուրջ 1,5 միլիոն մարդու կյանք է խլել, կաթվածահար արել տնտեսությունն ու սոցիալական կյանքը ողջ աշխարհում։

Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը համարվում է ռեկորդակիր։ Մտահղացումից մինչև զանգվածային կիրառման փուլ տևել է ընդամենը տասը ամիս։ Մինչ օրս այդ գործընթացը ցանկացած այլ դեղամիջոց անցնում էր տարիների ընթացքում։ Ընդ որում՝ այս նոր պատվաստանյութը մշակվել է նորարարական տեխնոլոգիաների հիման վրա։ Այն, ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի, ոչ թե «արհեստականորեն» վարակում է մարդում, այլ մարդու իմունային համակարգին է փոխանցում նոր վիրուսի գենետիկ կոդի մասին տեղեկությունները և սովորեցնում պայքարել դրա դեմ: Այս դեղամիջոցը, սակայն, լրջագույն թերություն ունի, այն պահանջում է պահել և փոխադրել Ցելսիուսի սանդղակով մինուս յոթանասուն աստիճանի պայմաններում։

Կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը հավասարապես դրական է անդրադառնում տարբեր տարիքի և էթնիկ ծագում ունեցող մարդկանց վրա։ Այդ դեղամիջոցի փորձարկումներին մասնակցել է քառասունմեկ հազար մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից, և միայն երկու տոկոսի մոտ են նկատվել գլխացավ ու հոգնածություն։ Մեծամասնության մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետը գործում է արդեն առաջին չափաբաժնի ընդունումից յոթ օր անց։

COVID-19-ի դեմ պատվաստանյութի որոնումներ էին սկսվել տասնյակ երկրներում, մշակվել էր ավելի քան հարյուր փորձանմուշ։ Այս պահին առաջատար է համարվում նաև ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, որի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս։ Անցած օրերին կլինիկական փորձարկումների վերջին փուլ ավարտեց նաև AstraZeneca ընկերության ու Օքսֆորդի համալսարանի համատեղ մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի արդյունավետությունը կազմում է 70 տոկոս։ Ընկերությունը հատուկ ընդգծել է, որ պատվաստանյութը կարելի է պահել Ցելսիուսի սանդղակով 2-ից մինչև 8 աստիճանի պայմաններում։

AstraZeneca-ն պատրաստ է 2021 թվականին արտադրել մինչև 3 միլիարդ չափաբաժին, եթե իր արտադրանքի կիրառումը թույլտվություն ստանա։

Մասնագետները, այդուհանդերձ, շարունակում են պնդել՝ պատվաստանյութի ի հայտ գալը դեռևս չի նշանակում հաղթանակ մահաբեր վիրուսի նկատմամբ։ Պետք է ուժի մեջ մնան վարակից պաշտպանվելու մինչ օրս արդյունավետություն ապահոված հիմնական կանոնները՝ սոցիալական հեռավորության, հիգիենայի կանոնների պահպանումը, դիմակների կրումը։

XS
SM
MD
LG