Մատչելիության հղումներ

Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանական է մատակարարվի գարնան կեսերին


Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել 300 հազար բնակչի հաշվարկով, բնակչության10 տոկոսի չափով։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի, Հայաստանն արդեն կանխավճար է տվել միջազգային հավաքական գնումների մի պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ։

«Այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ապագայում վերջնական գրանցում ստանալու մեծ շանսեր ունեն: Այս պահի դրությամբ մինչև 10 թեկնածուի մասին է խոսքը, և դրանցից որը հաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու», - ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութը հավանաբար, կմատակարարվի գարնան կեսերին։

Թե ինչո՞ւ են պատվաստանյութը պատվիրել հենց 300 հազար բնակչի հաշվարկով, Թորոսյանը պարզաբանեց՝ շատ պահպանողական հաշվարկ է. հաշվի են առնված անորոշությունները, որովհետև պարզ չէ, թե պատվաստանյութի առկայության պահին դրա իրական պահանջարկն ինչքան է լինելու, օրինակ, ապրիլ ամսին:

«Հաշվի առնելով մեր փորձը, այլ նմանատիպ հիվանդությունների դեմ պատվաստման, օրինակ՝ գրիպի դեպքում՝ մենք տարեկան ձեռք ենք բերում մոտ 180.000 քաղաքացու պատվաստանյութ և դժվարությամբ ենք հաճախ դա սպառում՝ իմանալով, այսպես ասած, մեր բնակչության պատվաստվելու ավանդույթները: Նման պահպանողական սցենար ենք ընտրել, բայց եթե բարեբախտաբար, և՛ կարիքը լինի, և՛ հաջողվի անել, հետագայում կավելացնենք նաև քանակները: Սա սկիզբն է», - նշել է Թորոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ սկզբնական շրջանում հասանելիություն լինելու է կոնկրետ խմբերի համար՝ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների, տարեցների, փակ հաստատություններում ապրող անձանց, բուժաշխատողների, ինչն սկզբունք է ողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG