Մատչելիության հղումներ

«Մենք ո՞նց ենք աշխատելու, եթե ադրբեջանցիները մեր կողքին աշխատեն». Սոթքի բնակիչները մտահոգված են


Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհն այսօր առավոտվանից փակ է: Այստեղից մինչև հանքավայր մոտ 6 կիլոմետր է: Ըստ աշխատակիցների` հանքի ղեկավարությունն իրենց արգելել է աշխատանքի գնալ՝ հիմնավորելով, թե Ադրբեջան-Հայաստան սահմանազատման աշխատանքներ են կատարվում:

Աշխատակիցներն անորոշության մեջ են: Մարդիկ անհանգստացած են թե՛ իրենց անվտանգության, թե՛ աշխատանքի հեռանկարի համար. «Հարյուր տարի էստեղ ապրել ենք, էսօր 1+1, մի հատ էլ կալցո խփին, եկան ֆսյո, 8-9 կիլոմետր մտան Վարդենիս, եկան, հելան, գործի գլուխ, ասին` դավայ իջեք, գնացեք ձեր տուն: Ինչի՞, ո՞ւր է մեր բանակը, ո՞ւր է»:

«Երեկ առավոտ սմենափոխն արել են, նոր դրանից հետո էս խիժբիժը սկսվել է: Թե չէ մենք լրիվ տեղյակ, որ Քարվաճառին կար էսքան, Ադրբեջանին ուներ սահման էս ոսկու հանքից, բայց որ էսքան, սենց պատկերացում չկար: Իրենք մեր ոսկու հանքի լիարժեք տեր են դառնում, էսա խնդիրը», - ասում է մեկ այլ աշխատակից, իսկ մյուսն էլ հավելում է. «Բերեք, պատկերացնենք մի բան` Էսօր պետք ա սահման գծվի չէ՞, սահմանում մենք պետք է ունենանք երկկողմանի զինվորական կառույցներ չէ՞, այսինքն` մենք ո՞նց ենք աշխատելու, եթե իրենք էտ մեր կողքին աշխատեն ու իրենց զինվորությունն ունենան, մենք էլ մերն ունենանք, ու այդ պայմանները դուք ո՞նց եք պատկերացնում:

Մենք հազար հոգուց ավելի աշխատող ունենք հանքում` Վարդենիսի տարածքում, որ պահում է մոտ 3000 ընտանիք, այսինքն` անձ, որոնք սնվում ենք հանքով: Հիմա եթե ինչ-որ բան կրճատվի, էլի մեզ համար անվտանգության խնդիր է դա, որովհետև մենք արդեն պետք է լքենք Վարդենիսի տարածքը, որպեսզի աշխատանքի վայր գտնենք, որ աշխատենք: Էսօր դրանք լրիվ խնդիրներ են, որ էսօր պետք ա ընդհանուր կազմով նորից աշխատենք, եթե չենք կարենալու աշխատենք, արդեն անիմաստ է լինելու»:

Նրանք ասում են` ներկայումս ամենաքիչը անվտանգությունն ապահովելն է. «Գոնե ամենամինիմալը ժողովրդի անվտանգությունն ա, ամենակարևորը, մարդ, որ պառկի, իր տունի քնի, մտածի, որ վերևը սալդատ կա կանգնած, զորք կա կանգնած, մենք էլ ինքներս պատրաստ ենք, մեզ զինեն, մեր գյուղի անվտանգությունը կպահենք»:

Հիշեցնեմ` երեկ հանքի աշխատակիցները, Սոթքի համայնքապետը երեկոյան ահազանգեցին, թե մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ անարգել հատել են սահմանը, մտել ոսկու հանքի տարածք ու պահանջել մարդկանց հեռանալ այդտեղից, քանի որ դա իրենցն է: Թեև տեսանյութեր էին հրապարակել բնակիչները, բայց վարչապետի և Պաշտպանության նախարարության լրատվականները հերքում էին, թե ադրբեջանցիները հանքի տարածք չեն մտել:

Ավելի ուշ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը պարզաբանեց, թե Ադրբեջանին տարածքներ զիջելու հայտարարությամբ նաև ոսկու հանքի մի մասն է անցել հակառակոդին, և փաստորեն Քարվաճառը պաշտոնապես հանձնելուց հետո էլ այս մասին պաշտոնական տեղեկություն չի տրամադրվել:

Գյուղացիները զրույցների մակարդակով են լսել և ադրբեջանական զորքին տեսնելով այդ տարածքում` խուճապի են մատնվել, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը. «Շատ մեծ խուճապ չկա, ճիշտ է` անհանգստություն կա: Ժողովրդին ես աշխատեցի ներկայացնել իրավիճակը, տպավորությունն էն ձև էր, որ ադրբեջանցիները մտել են, էսա գյուղ են հասնում, գրավում են: Ես կարացի ժողովրդին ասեմ, որ հանգիստ եղեք, էտ դիվերսիա չի, ինչ-որ հարձակում չի, ուղղակի սահմանի հետ է կապված էտ ամեն ինչը»:

Կեսօրից հետո Սոթք եկան Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորները և իշխող «Իմ քայլը» խմբակցությունն օրերս լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Զինվորականներն ու ոստիկանները նրանց թույլ տվեցին հատել այդ հատվածը և հասնել սահման, իսկ լրագրողներին` ոչ: Այնտեղից վերադառնալուց հետո պատգամավորներն ասացին, որ խոսել են սահմանը հսկող զինվորականների հետ, և որ վստահեցրել են` պատշաճ հսկվում է այդ տարածքը: Պատգամավորներն ասացին, որ ոսկու հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հետ չեն կապվել: Մեզ նույնպես չհաջողվեց ամբողջ օրը կապ հաստատել ընկերության ղեկավարության հետ:

«Ցավոք սրտի, այո, մեր հույսը էլի մնում է հայ զինվորը, մեր հույսը էլի մնում է հայ բանակը: Այս պահին այնտեղ մենք հեռվում տեսանք ռադիոլոկացիոն սարքով մեքենա, որը երևի թե պիտի, չգիտեմ, ես չեմ հասկանում` ինչպես պիտի անեն այդ սահմանազատումը, բայց որ 3 կիլոմետր այն կողմ մեր հայրենիքն այլևս ավարտվում է, այլևս ուղղակի գրվելու է Հայաստան վերջ, դա միանշանակ է: Սա այդ պայմանագրի արդյունքն էր», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ երեկ ադրբեջանցիները դիրքավորված են եղել այլ հատվածում, այսօր այլ հատվածում են դիրքավորված. «Եվ այն տեղեկությունը, որ մենք անվտանգ գոտում չենք, էտպես չէ, հիմա մենք մեր բանակն իսկապես պահում ենք և բավականին մեծ թվով զինվորականներով»:

«Այնտեղ տոկոս էին ասում, որ ես հիմա չեմ հրապարակի, կարծում եմ` դա կթողնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթական լայվերից մեկում հրապարակի, թե Սոթքի` Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի քանի տոկոսն է մնում այլևս թուրքին», - հավելեց Զոհրաբյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG