Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԶՈւ-երի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի արտաքին գերատեսչությունն ընդգծում է, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:

Երեկ, հիշեցնենք, Սոթքի վերաբերյալ հակասական լուրեր էին տարածվում. գյուղապետը հաստատում էր, ՊՆ-ն ու վարչապետի խոսնակը հերքում էին, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը երեկոյան կողմ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։ Պատկան մարմիններ արձագանքեք»։

Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքեց տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական վերահսկողության տարածքում է. «Կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG