Մատչելիության հղումներ

REUTERS-ի փոխանցմամբ, Փարիզը համառ է լինելու հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության հարցում


Ռուսաստանցի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանցի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հեռախոսազրույց են ունեցել և հերթական անգամ քննարկել նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարը, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների հարցը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիակատար դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի արդյունքում», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ Լավրովը ֆրանսիացի գործընկերոջը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքը:

Երեկ Սերգեյ Լավրովը հայտատարել է, որ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան և Միացյալ Նահագները չպետք է նեղանան Ռուսաստանից, և որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, մասնակցություն են ունեցել, և ստորագրված հայտարարությունում հաշվի են առնվել պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած բոլոր հայտարարությունները։

Մինսկի խմբի երեք անդամներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, հայտարարել են, որ Ռուսաստանից հստակություն են ակնկալում Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Իսկ Եվրամիության՝ երեկ տարածած հայտարարությունում նշված է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես հայտարարել է, որ հարկ է շուտափույթ կերպով վերսկսել մինսկյան գործընթացը:

«Կարգավորման հիմքում պետք է լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժ կիրառելու կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և մարդկանց իրավահավասարություն», - հայտարարել է Փոմփեոն։

Հիմնականում Վաշինտոնը և Փարիզը պարզաբանումներ են ակնկալում Մոսկվայից ռուս խաղաղապահների, Թուրքիայի դերակատարության և Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերում։

Հայտարարությունում, հիշեցնեմ, Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչինչ կա, իսկ Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ Ղարաբաղի շուրջ ընդարձակ հարցազրույցում ասել էր, թե կարգավիճակի հարցը բաց է և քննարկվելու է ապագայում։

Երկու օր առաջ Մոսկվա էին ժամանել Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները։ Կարելի է ակնկալել, որ նրանք առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։ Բացի այդ, երեկ երեկոյան ղարաբաղցիների խնդիրներին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահը։ «Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում», - Թվիթերում գրել է Էմանյուել Մակրոնը:

REUTERS-ն այսօր, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Ֆրանսիան ուզում է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ունենա միջազգային վերահսկում, և մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Թուրքիան դուրս կմղեն Արևմուտքը ղարաբաղյան վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններից։ REUTERS-ը գրում է, թե Փարիզը համառ է լինելու հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության հարցում։ Մակրոնի կառավարությունը, մասնավորապես, ուզում է վերահսկել ղարաբաղցի փախստականների վեռադարձի գործընթացը, Սիրիայից եկած զինյալների վերադարձի գործընթացը և Լեռնային Ղրաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները։

XS
SM
MD
LG