Մատչելիության հղումներ

«Ռուսաստանն է նպաստելու Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը»


Ռուսաստանցի խաղաղապահները Շուշիում, 17 նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանցի խաղաղապահները Շուշիում, 17 նոյեմբերի, 2020թ.

Խաղաղապահ առաքելությունը վերապահվում է բացառապես Մոսկվային

Коммерсант-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն պատմել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին և լույս սփռել մի շարք հարցերի վրա, որոնց պատասխանները մինչ այդ անհայտ էին:

Ըստ Коммерсант-ի, Պուտինի պարզաբանումների էությունն այս է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը վերապահվում է բացառապես ու միայն Ռուսաստանին, և այդ հարցում Մոսկվան Անկարայի հետ կիսելու բան չունի:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Պուտինն անվանել է «վերջնականապես չհստակեցված» և այդպես նկատել է տվել, որ Ռուսաստանն է նպաստելու դրա հստակեցմանը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ղարաբաղյան բանակցային կարգավորմանը կշարունակեն մասնակցել Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց անդրանիկ հետպատերազմյան հանդիպումը նախատեսված է այսօր Մոսկվայում:

«Հրադադարն էապես չի կարգավորում հակամարտությունը»

Շարունակելով թեման՝ Взгляд պարբերականը վկայակոչում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովային, ով ասել է, որ մոսկովյան այսօրվա հանդիպմանը Ռուսաստանի կողմից կմասնակցի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

Մոսկվայում կայանալիք հանդիպման լուրը հաստատել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

«Մի կողմից, կրակի դադարեցումն անհրաժեշտ է հազարավոր կյանքեր փրկելու համար, բայց, մյուս կողմից, հրադադարն էապես չի կարգավորում հակամարտությունը: Եվ հիմա ծառացած հարցն այս է՝ ինչպե՞ս վաղը կկարգավորվի բուն կոնֆլիկտը: Այս քննարկումներն արդեն ընթանում են, հարցի շուրջ զրուցել են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը, իսկ ես այն քննարկել եմ երեկ Փարիզ այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ»,- Взгляд-ի փոխանցմամբ, ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Համաձայնությունը սոսկ սառեցնում է այս հակամարտությունը

Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները կազմել են զեկույց Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու ռուս-հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության և դրան հաջորդած խաղաղապահների տեղակայման մասին:

Stratfor-ը ենթադրում է, որ հրադադարը միայն սառեցնում է հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը:

Վեց շաբաթ տևած կռիվներից հետո կողմերն ընդունել են Ռուսաստանի միջնորդությունը: Հրադադարի համաձայնագրով հայկական կողմը զիջում է բուն Ղարաբաղի մի քանի հատվածներ և հսկողության տակ մնացած երեք հարակից շրջանները:

Ռուսները հինգ տարով տեղակայվում են հակամարտության գոտում, համաձայնությունը դիտվում է որպես Ադրբեջանի հաղթանակ և Հայաստանի պարտություն:

Հրադադարը կոնսոլիդացնում է տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը և միաժամանակ թուլացնում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ազդեցությունը:

Հայաստանում քաղաքական անկայունությունը կտևի շաբաթներ, եթե ոչ մի քանի ամիս, և դա կթուլացնի Ադրբեջանի հետ ռազմական ուղիղ առճակատումը վերսկսելու ցանկությունը:

Ադրբեջանն էլ, իր հերթին, շահագրգռված չէ խախտել հրադադարը, քանի որ տարածքային նվաճումներ ունի: Ռուսների ներկայությունը կնվազեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում նոր պատերազմի հավանականությունը, բայց դա միայն սառեցնում է կոնֆլիկտը և բաց է պահում դուռն ապագայում հնարավոր պատերազմի առաջ:

Խաղաղապահներից կպահանջվեն ոչ միայն զինվորական, այլև դիվանագիտական ունակություններ

Financial Times-ի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները պետք է կատարեն չեզոք ուժի անսովոր դերը:

Ի տարբերություն Ուկրաինայի ռուսամետ տարածքների, Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի, Մոլդովայից անջատված Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները չեն պաշտպանելու ռուսամետ անջատականների և դրա փոխարեն պետք է երաշխավորեն Մոսկվայի միջնորդությամբ հաստատված հրադադարը:

«Նման հանգամանքներում խաղաղապահ առաքելությունը չափազանց դժվար է և լի է վտանգնրեով, այստեղ խաղաղապահները պարտավոր են ունենալ ոչ միայն զինվորական, այլև դիվանագիտական կարողություններ»,- ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Սուչկովը:

Հարցին է անդրադարձել նաև «Հաշտեցման ռեսուրսներ» անվամբ կենտրոնի Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը:

«Ռուսաստանցի խաղաղապահների հանգամանքը կլինի առանցքային գործոն ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական բանակցություններում: Նրանց մանդատը երկարաձգելու կամ չերկարաձգոլու հարցը կդառնա բարդ առևտրի առարկա և առավել ընդարձակ խնդիրների վրա ազդեցության լծակ: Հակամարտությունը չի կարգավորվի, եթե հայն ու ադրբեջանցին գտնվեն միմյանցից ոչ հեռու և շարունակեն մեկը մյուսի մեջ վտանգ տեսնել, իրական անվտանգությունն ապահովում են քաղաքական փոփոխություններն, այլ ոչ թե խաղաղապահները»,- ասել է Բրոերսը:

XS
SM
MD
LG