Մատչելիության հղումներ

«Խաղաղությունն ի վերջո պետք է գա այս երկրամաս»


Ռուսաստանցի խաղաղապահները զննում են մեքենաներն անցակետում, Լաչինի միջանցք, 19 նոյեմբերի, 2020թ.

Միջազգային մամուլն անդրադառնում է Ղարաբաղի խնդրին:

«Շատ տարիներ կպահանջվեն հին վերքերը բուժելու համար»

«Հայաստան և Ադրբեջան, վերջապես խաղաղությո՞ւն, արդյո՞ք այդպես է»․ այսպես հարցական նշանով է վերնագրված «Եվրոպական թղթակից» (EU Reporter) վերլուծական կայքում լույս տեսած հոդվածը: Ռուսաստանն անսպասելի և շատ արագ դարձավ խաղաղապահ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճում:

Հին ասացվածքի համաձայն, ավելի լավ է վատ խաղաղություն, քան պարտություն: Նոյեմբերի 9-ի համաձայնությամբ Ռուսաստանը ստանձնեց տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու առաքելությունը: Դրան հաջորդեցին բողոքի ակցիաներ Երևանում, որտեղ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը:

Թուրքիան առաջ է եկել որպես տարածաշրջանում ակտիվ դերակատար և ներքաշվել է Եվրոպայի, հատկապես մահմեդական ծայրահեղականությունը զսպելու նպատակ ազդարարած Ֆրանսիայի հետ լուրջ առճակատման մեջ:

Այնումնայնիվ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի ազդեցության գոտի, ինչպես եղել է անցած վերջին դարերի ընթացքում: Հիմա դժվար է ասել, թե ինչպիսին կլինի ղարաբաղյան հարցում հաջորդ շրջադարձը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է պարտության պատասխանատվությունը: Բայց դժվար թե դա լինի վերջակետը, բոլորը գիտակցում են, որ կոնֆլիկտն անհրաժեշտ է լուծել:

«Ակնհայտ է, որ շատ տարիներ կպահանջվեն հին վերքերը բուժելու, թշնամությունը և անարդարությունները մոռանալու համար, սակայն խաղաղությունն ի վերջո պետք է գա այս երկրամաս և արյունահեղությունը պետք է դադարեցվի», - կարծիք է հայտնում «Եվրոպակյան թղթակից» կայքը:

Եվրոպական երկրները դժվար թե կհետևեն Ֆրանսիայի օրինակին

«Взгляд»-ը վերլուծում է Արցախի անկախությունը ճանաչելու մասին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախաձեռնությունը:

Բանաձևը, եթե այն ընդունվի, խորհրդատվական կլինի, և գործադիրի համար պարտադիր կատարման ուժ չի ունենա, սակայն բուն նախաձեռնությունը կարող է շատ լուրջ ճգնաժամ առաջացնել Փարիզի և Անկարայի առանց այն էլ ոչ բարվոք հարաբերություններում:

«Սենատը, ամենայն հավանականությամբ, կընդունի այդ բանաձևը, դա կլինի սոսկ քաղաքական հռչակագիր, հիմա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ բարդ է, իսկ թուրք-ֆրանսիական հարաբերություններում պայթյունավտանգ կացություն է: Բանաձևի ընդունումը կարող է վերածվել լուրջ առճակատման», - «Взгляд»-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Սերգեյ Ֆյոդորովը: Նրա համոզմամբ, եվրոպական այլ երկրներ դժվար թե հետևեն Ֆրանսիայի օրինակին:

«Այդ բանաձևի նշանակությունն էական կդառնա, եթե այն ընդունի ամբողջ Եվրախորհրդարանը, սակայն դա շատ անհավանական է, ուստի, բանաձևը կմնա սոսկ որպես քաղաքական խորհրդանշական ժեստ», - ասել է Ֆյոդորովը:

Ռուսաստանը դուրս է մղել մնացած դերակատարներին

«Guardian»-ը վկայակոչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով վերջին հարցազրույցում զգուշացրել է, թե Հայաստանը մեծ սխալ կգործի, եթե վճռի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ համաձայնությունից:

Այդ համաձայնությամբ, որով ավարտվում է վեց շաբաթ տևած պատերազմը, Հայաստանը տարածքային լուրջ զիջումների է գնում, համաձայնությունը Հայաստանում դիտվում է որպես կապիտուլյացիա և բողոքի ալիք է բարձրացրել:

Ռուսաստանը կարողացել է դուրս մղել ուրիշ դերակատարներին և մոտ 2 հազար խաղաղապահ է տեղակայում հակամարրտոության գոտում:

Սա, ըստ «Guardian»-ի, անցած մեկ տասնամյակում տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների ամենախոշոր տեղակայումն է: Տասնյակ հազարավոր հայեր՝ կահ-կարասին հավաքած, բեռնատարներով լքում են տարածքները, որոնք առաջիկայում կհայտնվեն Ադրբեջանի հսկողության տակ, շատերը հրկիզում են իրենց տները:

Հարավարևելյան Եվրոպայում ուրվագծվում է Թուրքիայի առաջնորդած դաշինք

«Միացյալ ծառայությունների արքայական ինստիտուտ» անվամբ բրիտանական վերլուծական կենտրոնը (RUSI), որը հետազոտություններ է իրականացնում պաշտպանության և անվտանգության բնագավառում, հրապարակել է Կիևի ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուցիի վերլուծությունը հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:

Հեղինակի համոզմամբ, Հարավարևելյան Եվրոպայում ստեղծվում է Թուրքիայի առաջորդած նոր ոչ պաշտոնական դաշինք: Ադրբեջանի նվաճումները պատերազմում հնարավոր չէին լինի առանց Թուրքիայի ռազմական և դիվանագիտական օգնության:

Դեպի այդ՝ դեռևս ուրվագծվող դաշինքի են ձգտում արևմտամետ կողմնորոշումներ դրսևովոր նախկին խորհրդային երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան, որոնք 1990-ականներին կազմել էին ՎՈՒԱՄ հապավումով միությունը:

Այն էապես թուլացել էր, երբ Ուկրաինայում 2010-ին իշխանության էր եկել Վիկտոր Յանուկովիչն, իսկ երեք տարի անց Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում կորցրել էր իշխանությունը:

Սակայն 2020-ի աշնանը Թուրքիայի օգնությունն Ադրբեջանին վճռական դեր է կատարել: Այս բոլոր զարգացումները վկայում են, որ, «ՀԱՊԿ-ը դատարկ նավ է, իսկ Եվրոպական միությունը՝ թղթե վագր»:

Տարաս Կուցիի կարծիքով, թուրք-ադրբեջանական դաշինքը հաջողությամբ է հանձնել դիմացկունության կարևոր քննությունը, մինչդեռ, թուրք-ուկրաինական ռազմավարական դաշինքը դեռ սաղմնային վիճակում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG