Մատչելիության հղումներ

Պուտինի խոսքով` ստեղծվել են պայմաններ հակամարտության ամբողջական կարգավորման համար, արդար հիմքի վրա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, և սա պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի խոսքով` այսօր ստեղծվել են պայմաններ ղարաբաղյան ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համար, «ընդ որում արդար հիմքի վրա` հաշվի առնելով ադրբեջանցիների, ինչպես նաև հայերի շահերը»:

Ղարաբաղից այսօր խոսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը: Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը: Այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը, սակայն հրաժարվել է հստակ պատասխան տալ Արցախի կարգավիճակի մասին հարցին։

Ադրբեջանցի լրագրողը Լավրովին խնդրել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է։

Ռուսաստանի արտգործնախարարն ընդհանրապես որևէ բան չի ասել Ղարաբաղի կարգավիճակի մասին, միայն ասել է այն, որ Ռուսաստանը պատասխան է տալիս այն համաձայնագրի համար, որը ստորագրվել է, և այն կետերի համար, որոնք այդ հայտարարությունում կան։ Հիշեցնենք, որ համաձայնագրում կարգավիճակի մասին որևէ բառ չկա:

Ինչ վերաբերում է համաձայնագրին ընդհանրապես, Լավրովն ասել է․ «Մենք պատասխանատու ենք, ես իմ խոսքերի համար պատասխան եմ տալիս, մենք այս պահին չենք տեսնում այդ հայտարարությունը վերանայելու, խմբագրելու փորձեր»։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանում այսօր բարդ ներքաղաքական իրավիճակ է, սակայն ընդդիմության 16 կուսակցությունները, Լավրովի խոսքով, այսօր հայտարարում են, որ չեն պատրաստվում չեղարկել այդ հայտարարությունը։

Ինչ վերաբերում է փախստականներին և հայկական զորքերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Լավրովը շեշտել է. «Ադրբեջանցի և հայ փախստականները պետք է վերադառնան իրենց ավանդական բնակության վայրեր»։ Լավրովի խոսքով` և՛ փախստականների և հայկական զորքերի դուրսբերման մասին համաձայնագրում հստակ գրված է, և այս ամենի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հստակ պայմանավորվել են։

Հավելենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։

Ռուսաստանի արտգործնախարարը, պատասխանելով Մինսկի խմբի համանախագահ երկրներ` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայտարարությանն առ այն, որ ստորագրված համաձայնագրի շուրջ նրանք որոշ պարզաբանումներ են ակնկալում Ռուսաստանից, ասել է, թե զարմացած է այս հայտարարությունից, քանի որ Մոսկվան սերտ համագործակցում է Ղարաբաղի հարցով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի հետ, և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի այս հայտարարությունը Լավրովի ներկայացմամբ՝ կա՛մ վատ տեղեկացված լինելու արդյունք է, կա՛մ պարզապես թյուրիմացություն։

Կրեմլի խոսնակի հայտարարությունը փոքր-ինչ այլ տոնայնություն ուներ. «Ռուսաստանը պատրաստ է պարզաբանումներ տալ Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին, եթե դրա անհրաժեշտությունը կա», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանման կարիք ունեն, այդ պարզաբանումները կներկայացվեն»», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը` հավելելով, թե այսօր ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների գծով ղարաբաղյան գործերով կանոնավոր շփում է իրականացվում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը հիմքեր ունեն անհանգստանալու ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային տարբեր գործերում Թուրքիայի ազդեցության ուժեղացման կապակցությամբ, Պեսկովն ասել է. «Մենք չէինք ցանկանա որևէ կերպ մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն, այսօր նաև անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների հիմնական արդյունքներին, հայտարարել է, որ ամենաարժեքավորն այն է, որ հրանոթները լռում են, և մարդիկ չեն մահանում. «Սա հիմնական արդյունքն է, մարդիկ չեն մահանում, դա ամենաարժեքավորն է, ինչ կարող է լինել», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG