Մատչելիության հղումներ

Բայդենը համերաշխության ձեռք է մեկնում Թրամփի աջակիցներին


Ընտրյալ նախագահ Ջո Բայդենի հայրենի նահանգում հրավառությամբ են նշել նրա հաղթանակն ընտրություններում, Վիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ, 7-ը նոյեմբերի, 2020թ.

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը պնդում են, թե ընտրությունները դեռ չեն ավարտվել և բողոքարկման հայցերով դիմում եմ նահանգային դատարաններ:

Սակայն աշխարհի համար արդեն դեմոկրատական Ջո Բայդենն է Ամերիկայի 46-րդ նախագահը:

Մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցները, շնորհավորել են Բայդենին:

Ընտրված նախագահն անցած շաբաթավերջին համերաշխության ուղերձով դիմել է Թրամփի աջակիցներին․ - «Բոլորին, ովքեր քվեարկել են նախագահի [Դոնալդ Թրամփի] օգտին, ցանկանում եմ ասել, որ հասկանում եմ ձեր հիասթափությունը, ես էլ եմ իմ կյանքում մի քանի անգամ պարտվել: Բայց եկեք մեկս մեկին շանս տանք: Հիմա եկել է կոշտ հռետորաբանությանը վերջ տալու, մեկս մյուսի աչքերին նայելու, իրար լսելու ժամանակը: Առաջ գնալու համար մենք պետք է դադարենք ընդդիմախոսին թշնամի համարել, նրանք մեր թշնամիները չեն, նրանք բոլորն ամերիկացիներ են»:

Իր առաջին ուղերձում համերաշխության կոչով Թրամփի աջակիցներին դիմելուց զատ, ընտրյալ նախագահը ներկայացրել է քաղաքական օրակարգը: Թիվ մեկ խնդիրն է «ջանք չխնայել կորոնավիրուսի համավարակը զսպելու գործում»: Այդ նպատակով Բայդենը կստեղծի պետական պաշտոնյաներից և մասնագետներից կազմված հատուկ թիմ:

Վերլուծաբանների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը Թրամփի պարտության հիմնական պատճառներից մեկն էր:

Համավարակից բացի Բայդենի համար առաջնահերթություններ են տնտեսության վերականգնումը, ռասայական խտրականությհան դեմ պայքարը և կլիմայի փրկությունը:

Թրամփի քաղաքական դաշնակիցներից շատերը նրան կոչ են անում շնորհավորել Բայդենին:

Ամերիկայում թեկնածուները, այդ թվում գործող նախագահները, որպես կանոն, չեն խախտում այդ հին ավանդույթը, որը համարվում է երկրի բարձր քաղաքական մշակույթի և համազգային համերաշխության խորհրդանիշ: Սակայն Թրամփը, առնվազն այսօրվա դրությամբ, դեռ չի արձագանքում այդ հորդորին:

Թրամփի թիմի համար, իհարկե, շատ տհաճ է այն փաստը, որ Ամերիկայի ամենահավատարիմ դաշնակիցներից Բրիտանիայի ղեկավարը միանշանակ աջակցություն է հայտնել Բայդենին:

«Շնորհավորում եմ նախագահ Բայդենին՝ ընտրված նախագահին, հաղթանակի կապակցությամբ: Իհարկե, շնորհավորում եմ նաև Քամալա Հարիսին, ով Ամերիկայի պատմության ընթացքում դարձավ առաջին կին փոփնախագահը: Միացյալ Նահանգները մեր ամենամերձավոր, ամենակարևոր դաշնակիցն է: Այդպես էր բոլոր նախագահների և վարչապետերի օրոք, և դա չի փոխվի: Սպասում եմ այն պահին, երբ նախագահ Բայդենի և նրա թիմի հետ կսկսենք աշխատել կլիմայի, առևտրի, միջազգային անվտանգության և շատ-շատ այլ բնագավառներում», - ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Ուշագրավ է, որ Կրեմլը դեռ չի շնորհավորում Բայդենին: «Կարծում ենք, նպատակահարմար է սպասել քվեների հաշվարկի վերջնական արդյունքներին: Ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է Ամերիկայի ժողովրդի ընտրությունը հարգելու և ԱՄՆ որևէ նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին։ Բոլոր դեպքերում, մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահի հետ կկարողանանք միասին աշխատել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղությամբ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG