Մատչելիության հղումներ

Էնթոնի Բարսամյանի կարծիքով, Բայդենի վարչակազմը լուրջ է վերաբերում Կովկասին 


Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյան

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելի լուրջ է զբաղվելու Հարվային Կովկասի հարցերով․ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։ 

ԱՄՆ-ում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական կառույցներից մեկի ղեկավարը հիշեցրեց նախընտրական փուլում Բայդենի թիմի դիրքորոշումը՝ պաշտոնական Վաշինգտոնը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի այս հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու նրա ջանքերը:

«Նախագահ Բայդենի վարչակազմը ավելի տեղեկացված է Հարավային Կովկասի խնդիրներից, որովհետև Բայդենը շուրջ երեսուն տարի զբաղվել է հայ-ամերիկյան խնդիրներով՝ որպես սենատոր, որպես ԱՄՆ փոխնախագահ։ Նա շատ լավ տեղյակ է մեր խնդիրներից։ Հուսով եմ, նրա վարչակազմը շատ վճռական կլինի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանին։ Հիմա դեռ գործ ունենք ԱՄՆ պետքարտուղար Պոնպեոյի հետ, սակայն փոփոխությունների փուլ ենք մտնելու, որոնք մինչև հունվար չեն ավարտվի, ուստի մի քանի ամիս պետք է անցնի, և կարծում եմ այդ ժամանակ էլ կսկսենք գործել», - հավելեց Բարսամյանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք հարկավոր է սպասել, որ Բայդենի վարչակազմն ավելի ակտիվ կլինի Հարավային Կովկասում, Բարսամյանն արձագանքեց. - «Ծանոթ եմ մարդկանց, որոնք Բայդենի վարչակազմի մաս են լինելու, նրանց հետ կապի մեջ ենք, ինչպես Թրամփի վարչակազմի մարդկանց հետ։ Ամերիկայի հայկական համագումարը անկուսակցական կառույց է։ Այդ մարդիկ եղել են Հայաստանում, Արցախում, լավ տեղյակ են տարածաշրջանից։ Ուստի, այդ մարդիկ՝ պաշտպանության նախարարությունում թե պետքարտուղարությունում, լուրջ են վերաբերում տարածաշրջանին, որովհետև եղել են տարածաշրջանում և լավ են հասկանում Կովկասը»։

Էնթոնի Բարսամյանը շարունակեց. - «Բայդենի վարչակազմը հայտարարություն է հրապարակել՝ ադրբեջանցիներին կոչ անելով հետ գնալ, ջիհադիստներին ու վարձկաններին՝ լքել տարածաշրջանը, հատուկ անդրադարձել են թուրքական ագրեսիային, սա է պատկերը։ Բոլորը գիտեն, որ պատերազմը թուրքական ագրեսիայի հետևանք է։ Բայդենի թիմը շատ լավ տեղյակ է, ով է հրահրողը տարածաշրջանում՝ Թուրքիան է։ Թուրքիան պետք է հեռանա Կովկասից, Արցախի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի իր անվտանգության վերաբերյալ: Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵԱՀԿ-ն խաղի մեջ են, սակայն հումանիտար այս աղետի անհապաղ դադարեցումը պահանջում է Թուքիային դուրս բերել Կովկասից»։

Հնարավոր է Բայդենի վարչակազմը ընդլայնի Հայաստանին ցուցաբերվող օգնությունը

«Ազատության» հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Բայդենի վարչակազմի օրոք Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օգնությունը ընդլայնվի, Բարսամյանը դրական արձագանքեց․ - «Այո, [հնարավոր է]։ Կարծում եմ, այժմ վճարում ենք այն սխալի համար, որ արեց Թրամփի վարչակազմը՝ հավելյալ ավելի քան 120 միլիոն դոլար աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին։ Բայդենի վարչակազմը պետք է կրկնապատկի իր ջանքերը և Հայաստանին հատկացնի օժանդակության լրացուցիչ փաթեթ՝ հատկապես պաշտապնության ոլորտում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հավասարաչափ օգնություն ստանան։ Այդ օգնությունը միշտ հավասարաչափ է եղել, և Թրամփի վարչակազմն էր, որ խախտեց այդ հավասարակշռությունը։ Հուսով եմ, Բայդենի վարչակազմը կուղղի այդ սխալը»։

Հավանականությունը բարձր է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը

Էնթոնի Բարսամյանի գնահատմամբ, հավանականությունը բարձր է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը․- ​«Այն բոլոր ազդանշանները, որ ունենք, հուշում են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը։ Երբ հանդիպեցի Ջո Բայդենին, և այն մարդիկ, ովքեր հանդիպել են նրան, Բայդենն ասել է, որ հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և պետք է այն ճանաչել որպես ցեղասպանություն։ Ամերիկայի հայկական համագումարին հասցեագրված նրա բոլոր հայտարարություններում, նա նշում է, որ կճանաչի Հայկոց ցեղասպանության փաստը։ Կարծում եմ, այս հարցում նա ավելի շատ վճռականություն կցուցաբերի, քան նախորդ բոլոր վարչակազմերը՝ չհաշված Ռոնալդ Ռեյգանին, ով ԱՄՆ վերջին նախագահն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը»։

XS
SM
MD
LG