Մատչելիության հղումներ

Ըստ Կիրակոսյանի` Բայդենից պետք է ակնկալել էական փոփոխություն, բայց դրա համար ժամանակ կպահանջվի


Ջոզեֆ Բայդենի ընտրվելն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ նշանակալի է Հայաստանի տեսանկյունից, բայց այն նաև նշանակալի է ավելի լայն տեսանկյունից, այս կարծիքին է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը մի քանի անգամ քննադատել էր Թրամփին Ղարաբաղի հարցի վերաբերյալ, կոչ արել ԱՄՆ-ին ուժեղացնել ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը:

Այս հարցերին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադառնում է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ազատություն». - ԱՄՆ-ում կա ընտրված նոր նախագահ: Իր ընտրարշավում նա քննադատել էր Դոնալդ Թրամփին Հարավային Կովկասում նրա քաղաքականության համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի պատերազմի համար, ասել էր, որ ինքն ամեն ինչ կաներ, որպեսզի դադարեցներ այդ պատերազմը: Դուք ի՞նչ եք կարծում, իսկապես Բայդենը կկատարի այն, ինչ խոստանում էր: Գիտենք, որ Միացյալ Նահանգների նախագահները շատ շռայլ խոստումներ են տալիս, հետո այդ խոստումները չեն կատարում: Ի՞նչ կարող եք ասել Ջոզեֆ Բայդենի մասին:

Ռիչարդ Կիրակոսյան. - Ընտրված նախագահ Բայդենի ընտրվելը նշանակալի է Հայաստանի տեսանկյունից, բայց այն նաև նշանակալի է ավելի լայն տեսանկյունից։ Այս ընտրությունները երկար սպասված էին Միացյալ Նահանգների անկանխատեսելի պահվածքի փոփոխության առումով։ Բայց այս ընտրությունները Հայաստանի համար ցանկալի ժամանակ չեղան։ Ընտրված նախագահ Բայդենն իշխանության կգա հունվարի վերջին, իսկ դա նշանակում է, որ մինչ այդ շատ քիչ բան կա, որ նա կարող է անել դժվարին վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պայքարին օգնելու, ինչպես նաև քաղաքականություն փոխելու առումով։ Այդուհանդերձ, ի տարբերություն նախկին որևէ նախագահի ընտրվելու ժամանակաշրջանի՝ այժմ ենթատեքստը փոխվել է։ Միացյալ Նահանգները գործ ունի մի Թուրքիայի հետ, որն ավելի քիչ է ներկայանում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր և ավելի շատ` որպես տարածաշրջանային անկայունության պատճառ։ Այնպես որ, ես ավելի շատ եմ հավատում ընտրված նախագահ Բայդենի խոսքերին ու խոստումներին։

Երկրորդ` նրա նոր փոխնախագահը նույնպես Կալիֆորնիայից է, հայկական հարցերի վերաբերյալ լավ նախապատմություն ունի: Պետք է ակնկալել էական փոփոխություն, բայց դրա համար ժամանակ կպահանջվի, իսկ մենք սպասելու շատ ժամանակ չունենք:

«Ազատություն». - Բայդենն ասել է. «Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը` դադարեցնելու մարտերը մեր եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ և նախաձեռնի միջազգային մարդասիրական օգնություն` վերջ տալու տառապանքներին: Իմ կառավարման ներքո դա հենց այն է, ինչ մենք կանենք»: Ի՞նչ պետք է անի հայկական համայնքը, հայկական լոբբիստական խմբերը ի՞նչ պետք է անեն, որպեսզի նաև կարողանան օգտագործել բարձրակետի վրա գտնվող նրա վարկանիշը:

Ռիչարդ Կիրակոսյան. - Մեր ակնկալիքների առումով մենք իրականում պետք է պահանջենք ոչ միայն հայտարարություններ, այլև ավելի շատ օգտագործենք ընկալումը, քան իրականությունը: Այլ կերպ ասած, ընտրված նախագահ Բայդենի՝ փոփոխություններ կատարելու ունակությունը դեռ սահմանափակ է, բայց իրական է այն ընկալումը, թե ինչ է նշանակում Բայդենի վարչակազմը Թուրքիայի և Ադրբեջանի համար: Եվ մենք իրականում պետք է շահագործենք Անկարայում և Բաքվում եղած վախը, թե ինչ է նշանակում Բայդենի վարչակազմը թուրքական ագրեսիայի առումով և այն առումով, որ Թուրքիան Ադրբեջանին հզորացրել է Արցախի վրա հարձակվելու հարցում: Եվ այս առումով մենք առավելություն ունենք:

Ես դա հաստատ ասում եմ ոչ միայն այն պատճառով, որ ընտրված նախագահ Բայդենը հստակ պատմություն ունի Միացյալ Նահանգների Սենատում իր ունեցած ծառայության տեսանկյունից, այլև որովհետև ես նրան ճանաչում էի ԱՄՆ Սենատում, երբ Կոնգրեսում էի աշխատում: Նրա մոտ իսկապես կա այդ հավատարմությունը ճշտի և սխալի նկատմամբ։ ԱՄՆ-ն տարիներով շարունակ անջատված է եղել [միջազգային օրակարգից], և ահա հիմա ժամանակն է իրականում վերադառնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմունքներին: Եվ առավելությունը, որն այստեղ ունենք, Արցախի խնդիրն է։ Ղարաբաղյան հակամարտությունը միակ խնդիրն է, որտեղ Ռուսաստանն աշխատում է Արևմուտքի հետ, այլ ոչ թե ընդդեմ Արևմուտքի: Ավելի մեծ համագործակցության հիմքեր կան` այս համատեքստում ուրիշների գործերին միջամտող Թուրքիային դուրս մղելու համար:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

XS
SM
MD
LG