Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին, հայտնում են կառավարությունից:

Ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Բայդենին` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու գործունեության մեջ:

Ապա վարչապետն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին. «Ձեր գործունեության ընթացքում Դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:

Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ»:

Փաշինյանը հավատացած է` այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջև։

«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների:

Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն», - մասնավորապես, նշել է Փաշինյանն իր ուղերձում:

Ավելի վաղ Բայդենին շնորհավորել էին Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետերը, Եվրոպական միության քաղաքական կառույցների ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Գերմանիայի կանցլերը, եվրոպական այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները: Շնորհավորական ուղերձներին էին միացել Իսրայելի և Հնդկաստանի վարչապետերը, արաբական մի շարք երկրների ղեկավարներ:

XS
SM
MD
LG