Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հրադադարի պայմանավորվածություններին հաջորդած զարգացումները


Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումներից, արխիվ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, շոշափված գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր:

Մնացականյանն իր ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

«Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից», - նշված է հաղորդագրությունում:

Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ, քննարկվել է նույն թեման, երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նախատեսված է այսօր:

XS
SM
MD
LG